Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ՆԳ նախարարը ցանկանում է հրաժարական տալ Մերկելի հետ տարաձայնությունների պատճառով

02 Հուլիս, 2018 10:09
Գերմանիայի ՆԳ նախարարը ցանկանում է հրաժարական տալ Մերկելի հետ տարաձայնությունների պատճառով

Գերմանիայի ներքին գործերի նախարար, Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Հորսթ Զեեհոֆերը, որը կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության ամենախիստ քննադատներից է, հայտարարել է օրերս ԵՄ առաջնորդների՝ միգրացիոն ճգնաժամի լուծմանն ուղղված նոր պայմանավորվածությունների առնչությամբ ունեցած դժգոհության մասին՝ խնդրելով իրեն հեռացնել երկու պաշտոնից էլ:

Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, ավելի վաղ Զեեհոֆերը ցանկանում էր փակել Գերմանիայի սահմանները, և հատկանշական է, որ նա դա ցանկանում էր անել առանց կանցլերի ու եվրոպական այլ պետությունների ղեկավարների իմացության:

ՆԳ նախարարի մտահղացման համաձայն՝ առաջարկվում էր մուտքի արգելք սահմանել այն անձանց համար, որոնք անձը հաստատող փաստաթղթեր չունեն, ավելի վաղ դիմել են ու մերժում ստացել Գերմանիայի տարածքում ապաստան ստանալու համար, ապաստան ստանալու դիմում են ներկայացրել Եվրամիության այլ անդամ երկրի:

Հիշեցնենք, որ օրերս ԵՄ անդամ պետությունների ղեկավարները նոր միգրացիոն քաղաքականություն են մշակել, ինչը ենթադրում է միասնական միգրացիոն քաղաքականության վարում: Ըստ այդմ՝ փախստականների համար կստեղծվեն ընդունման միասնական կենտրոններ: Բացի այդ, փախստականները չեն կարողանա անձամբ ընտրել ԵՄ այն երկիրը, որտեղ ցանկանում են բնակվել:

 

Լրահոս

Դիտել ավելին