Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «ՀԲՃ»-ի բաց նամակին

01 Հուլիս, 2018 21:00
Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «ՀԲՃ»-ի բաց նամակին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին և անդրադարձել իր առնչությանը «Լիդիան ինթերնեյշընըլ» ԲԲԸ-ին:

««Լիդիան ինթերնեյշընըլ» ԲԲԸ տնօրենների խորհրդում պարոն Արմեն Սարգսյանը ընդգրկված է եղել հասարակական հիմունքներով` որպես անկախ անդամ` Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանի խնդրանքով, նշյալ ընկերության և Հայաստանի կառավարության հարաբերությունները կարգավորելու նպատակով: «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերության տնօրենների խորհրդի կազմում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել են դեսպան Կարինե Ղազինյանն ու Ameria Capital ընկերության նախագահ Ժոզեֆ Օգորլյանը:

Այն հանգամանքը, որ նա խորհրդի կազմում ընդգրկված է եղել հասարակական հիմունքներով՝ անկախ անդամի կարգավիճակով, միջազգային հիմունքների համաձայն, ինքնըստինքյան բացառում է նրա կողմից որևէ շահի հետապնդումը: Նա ազատ է եղել իր կարծիքն արտահայտելու հարցում:

Խորհրդի կազմում ընդգրկվելուց հետո մի քանի ամիս անց Արմեն Սարգսյանը նպատակահարմար չի համարել իր հետագա ներկայությունը և դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից:

Կորպորատիվ էթիկայից ելնելով՝ պարոն Սարգսյանը չի կարող տրամադրել ընկերության գործունեության վերաբերյալ իր ունեցած տեղեկատվությունը:

Բացի այդ՝ տեղեկացնում ենք, որ Արմեն Սարգսյանը կապ չունի Knighsbridge Group ընկերության հետ»,- ասվում է պատասխանում:

Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ»-ը 2 անգամ բաց նամակով դիմել էր ՀՀ բնախագա Արմեն Սարգսյանին` խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ. դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ:

2. Ո՞վ/ովքե՞ր (ո՞ր բաժնետեր/երն) է/են առաջադրել Ձեր թեկնածությունը:

3. Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Այս հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել Ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։

4. Խնդրում ենք մանրամասնել, թե արդյո՞ք Ձեր դուրս գալը կապ ունի Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման վտանգների հետ։

5. Ի՞նչ առնչություններ եք ունեցել կամ ունեք Knighsbridge Group ընկերությունների խմբի հետ, որն ի թիվս այլ գործունեության, նաև ներգրավված է նավթի ու գազի արդյունահանման ծրագրերում:

Նշենք, որ վայոցձորցիներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ և պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության և շրջակա միջավայրի համար: Վտանգի և ռիսկերի մասին նաև Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաև ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվելու՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին