Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558
    566

  • RUB

    7,6
    7,85

Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում

01 Հուլիս, 2018 14:46
Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում

Մեծարգո՜ վարչապետ

Հարգարժա՜ն հյուրեր 

Հարգելի՜ գործընկերներ

Սիրելի՜ վետերաններ

 

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ այս նվիրական օրը ձեր ներկայությամբ պատվելու, մեր ուրախությունն ու հպարտությունը կիսելու համար:

 

Այսօր պատմական և հիշարժան օր է բոլորիս համար. մեր մասնագիտական տոնը` Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության  հիմնադրման 100-ամյա  տարեդարձին: Եվ լինելով հոբելյանական՝ այն նոր շուք և առանձնակի խորհուրդ ունի: 

 

Այս հոբելյանը համընկնում է նաև երկու, հիրավի, պատմական իրադարձության հետ. քսան տարի առաջ՝ 1998թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որի ընդունման օրը՝ հուլիսի 1-ը, 2003 թվականին՝ 15 տարի առաջ Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեց որպես «Դատախազության աշխատողի օր»:

 

Մեր ժողովուրդը, Եղեռնից հետո, աննկարագրելի դաժան պայմաններում, կենաց ու մահու գոյապայքար մղելով թուրքական հրոսակների դեմ, կարողացավ վեցդարյա ընդմիջումից հետո  վերականգնել Հայոց պետականությունը: Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ստեղծմանը զուգահեռ,  Արդարադատության նախարարության կազմում հիմնվեց նաև ՀՀ դատախազությունը, որը ձեռնամուխ եղավ հանցավորության դեմ պայքարին և իրավակարգի պաշտպանության գործին:

 

Դատախազությունն անցնելով Առաջին հանրապետության, Խորհրդային կարգերի հաստատման, Հայրենական պատերազմի,  հետպատերազմյան տարիների, Սպիտակի երկրաշարժի մեծագույն դժվարությունների 100-ամյա ճանապարհ՝ գտնվել է բոլոր ժամանակներում ցավոք արդիական՝ հանցավորության դեմ պայքարի առաջին շարքերում, եղել Ղարաբաղյան ազատագրական պատերազմի համար մղվող պայքարի մասնակիցը: Եվ այդ տարիների ու փորձությունների հորձանուտում կուտակած ահռելի փորձը, ավանդույթները դարձան այն հիմնասյուները, որոնց առանցքի շուրջ կառուցվեց Երրորդ հանրապետության անկախ դատախազության համակարգը:

 

Դատախազությունը հպարտանում է իր անցած 100-ամյա ճանապարհով, քանի որ մշտապես կրել է պետականության ամրապնդման ու զարգացման, ներքին անվտանգության ապահովման համար կենսականորեն անհրաժեշտ՝ իրավակարգի պահպանության և ամրապնդման, հանցավորության դեմ պայքարելու պատվաբեր առաքելությունը: 

 

Հարգելի՜ գործընկերներ

 

Անշուշտ, հիշում ենք մեր տասնմեկ դատախազներին, ովքեր անձնվիրաբար մասնակցել են Ղարաբաղյան ազատամարտին: Գնահատում ենք մեր բոլոր այն վետերաններին, ովքեր աշխատանքում ակնառու հաջողություններ ունենալով՝ իրենց անունը ոսկե տառերով են գրել ՀՀ դատախազության պատմության էջերում: Մենք խոնարհվում ենք նրանց առաջ՝ իրենց գործին անմոռաց նվիրվածության, սկզբունքայնության, հայրենասիրության և արված զոհողությունների համար:

 

ՀՀ դատախազության մարմիններում գոյություն ունի սերունդների  կուտակած փորձի ժառանգորդության և հերթափոխի գեղեցիկ ավանդույթ:

 

Հետևաբար, առանձնահատուկ ուզում եմ նշել մեր վետերանների բոլոր սերունդներին, ովքեր իրենց կյանքի լավագույն, երկար ու ձիգ տարիներն են նվիրաբերել այս գործին, դարձել համակարգ ոտք դնող դատախազների նորանոր սերունդների նեցուկը, խորհրդատուն և ուսուցիչը, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշներով, աշխատանքի նկատմամբ պատասխանատու և բարեխիղճ մոտեցմամբ  թրծել ու կերտել են  դատախազի արժանապատիվ, օրինակելի կերպարը՝ արժանի խորագույն գնահատանքի և խոնարհումի:

 

Թանկագի՜ն վետերաններ

 

Շնորհավորում եմ այս պայծառ տոնի առթիվ, ցանկանում եմ Ձեզ ամուր առողջություն, կենսախնդություն, լավատեսություն, մենք մշտապես ունենք ձեր փորձառությունից սնվելու, ձեզ հետ գործակցելու կարիքը: Ձեզ մաղթում եմ առողջություն, իսկ մեզանից հեռացածների շիրիմներին՝ հանգստություն:

 

100-ամյա պատմության ընթացքում Դատախազությունում մշտապես աշխատել են հայրենիքի նվիրյալներ, որոնց համար պատիվը և արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն եղել: Ընդօրինակելով նրանց, այսօր էլ մեզանից շատերը պատվով պահում են այդ նշաձողը:

 

Այսօր հասարակությունը մեր առջև դրել է պահանջների բարձր չափանիշներ: Հայաստանի մերօրյա քաղաքացու տեսլականում դատախազը մարմնավորում է ոչ միայն պետական իշխանությունն ու օրենքը, այլև արդարամտությունն ու մարդասիրությունը՝ մեզանից պահանջելով առօրեական դարձնել օրենքի գերակայության, իրավապաշտպանության, արդարության արժեքները, որոնցով հնարավոր է հասարակությանը ներշնչել անխոչընդոտ  ստեղծագործ և հայրենաշեն աշխատանքի: ՀՀ դատախազությունն այս արժեքները կենսագործելով է իր ուրույն նպաստը բերում Հայաստանի օրինահենք համակարգի ամրապնդմանը:

 

Այս իմաստով չափազանց կարևոր է հասարակության վստահությունն ունենալը և այդ զգայուն ռեսուրսի պահպանմանն զգուշությամբ ու բարեխղճությամբ վերաբերվելը: Այն պահանջում է արհեստավարժության, օրինականության թելադրանքների ծառա լինելու խորը գիտակցում և մեծ ջանքեր: Քանի որ ցանկացած սայթաքում կարող է փլուզել տարիներով, հաճախ դժվարությամբ ձեռքբերված ու վաստակած այդ վստահությունը: Ես համոզված եմ, որ հաջորդ  հարյուրամյակ շեմելիս, մենք կավելացնենք մեր եռանդն ու նպատակամղվածությունն այս առաքելության մեջ:

 

Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաև նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումներ, միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա և լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ: Հայաստանի հասարակությունն այսօր հստակ արտահայտում է լրջագույն, արդիական և գործունակ բարեփոխումների ենթարկվող, մարդակենտրոն արժեհամակարգով առաջնորդվող իրավապահ համակարգ ունենալու սպասելիքները, որոնք արդարացնելուն այլընտրանք չկա: Մենք հպարտանում ենք այն դատախազներով, որոնք ընկալում են այս ազդակները և որոնց համար հանրությանը և օրենքին ծառայելը, անձնական և մասնագիտական պատիվ հասկացությունը, իր գործին նվիրվածությունը, պետական մտածողությունը միայն խոսքեր չեն:

 

Հարգելի՜ գործընկերներ

 

Ուզում եմ առանց քանակական կամ որակական արդյունքներ թվարկելու նշել, որ մեր հոբելյանին մոտեցել ենք արժանապատիվ արդյունքներով, որոնք մեզ թույլ են տալիս համեմատվել առաջադեմ բազմաթիվ երկրների մեր գործընկերների հետ, այդ ուղղություններով կիսվել նրանց հետ հաջողությունների մեր փորձով: Մեր տեսադաշտում, սակայն, առաջնային է մնում կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարը, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը մեր իրավասությունների ու կարողությունների չափով նպաստելը:

 

Վերջին տարիներին դատախազական  համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածությունն ավելացել է: Սակայն հանցավորության դեմ պայքարում մենք միայնակ չենք: Պետական իշխանության տարբեր թևերի  հետ  խորացնում ենք փոխգործակցության արդյունավետ միջոցներ:  Ի շարս դրանց՝  պետք է նշեմ տեսչական և վերահսկողական, հետաքննության և նախաքննության, պատիժների կատարման մարմիններին, արդարադատության պատասխանատուներին, որոնց հետ մեր փոխգործակցությունն իրականացվում է օրենքի տառին և ոգուն համահունչ և ամենակարևորը՝ հոգատար ու արդյունավետ:

 

Հետևաբար, նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր զինակից, գործընկեր համակարգերի՝ գործադիր և դատական իշխանության մարմինների, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ու Հատուկ քննչական ծառայությունների, Քննչական կոմիտեի մեր գործընկերներին՝ մեր ընդհանուր գործում՝ հանցավորության դեմ պայքարում անաչառ ու հետևողական գտնվելու, մեր իրավասությունների սահմաններում գործակցելու պատրաստակամության համար: Ցանկանում եմ հաջողություններ, քանի որ նշածս գործընկերների նախանձախնդիր, համարժեք գործելաոճից է կախված ցանկացած հանցագործության բացահայտման, հանցագործներին արժանի պատժի ենթարկելու և պատասխանատվության անխուսափելիության ապահովման գործընթացների  արդյունավետությունը:

 

Սրա հետ միասին, մենք պետք է մեծ ուշադրության արժանացնենք այն կառույցների գործունեությանը, որոնք նոր սերունդ են կրթում և դաստիարակում` հաշվի առնելով, որ դատախազության գործունեության առաջին պլանում անչափահասների մասնակցությամբ հանցավորության կանխարգելումն է, երեխաների քրեաիրավական պաշտպանության լիարժեք ապահովումը, հանցածին գործոնների, հանցագործությունների կատարման կամ դրանցում ներգրավման պատճառների ու պայմանների համակողմանի վերհանումը, շահագրգիռ պետական մարմինների ու հասարակական միավորումների հետ ամենասերտ համագործակցությամբ դրանց վերացումը:

 

Ուզում եմ առաձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, բարեկամ պետությունների դատախազություններին արդյունավետ և բարիդրացիական փոխգործակցության  համար, որի շնորհիվ մեզ հաջողվում է հանցավորությանը հաղթել նաև անդրազգային մակարդակում: Այս տոնական և պատմական օրը մեր բազմաթիվ գործընկեր կազմակերպությունների, բարեկամ երկրների դատախազությունների պատվիրակությունների այստեղ գտնվելը, մեզ հետ մեր տոնը կիսելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև կարևոր ու առարկայական ցուցիչ՝ մեր համագործակցության և կապերի ամրության, փոխադարձ հարգանքի, միջազգային մարտահրավերներին համատեղ դիմակայելու հարցում փոխադարձ օգտակարության և այդ ձգտումներում Հայաստանի դատախազության գործնականությանը վստահելու: Կարող եմ վստահեցնել՝ մեզ առաջնորդում է միայն այդ ամենը համատեղ զարգացնելու տրամադրվածությունն ու պատրաստակամությունը՝ ի շահ մեր երկրների և բոլորիս միավորող աշխարհի անվտանգության:   

 

Ուզում եմ կարևորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝  հատկապես հասարակական, իրավապաշտպան կառույցների կառուցողական դերակատարությունը: Իրենց ակտիվ, աննահանջ քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմամբ, կառուցողական քննադատությամբ նրանք աջակցում են մեզ օրինականության և իրավակարգի պահպանության, մեր աշխատանքային գործիքակազմի կատարելագործման գործում և որ չափազանց կարևոր է՝ մեր գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելով նպաստում են մեր աշխատանքի՝ օրենքի սահմաններում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովմանը:

 

Մեր աշխատանքի լավագույն արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ հանցավորության մասին հանրային տարածում ստացած  ցանկացած հաղորդում այնքան սեղմ ժամկետներում  ուսումնասիրվի և  հանրայնացվի, որպեսզի մեր անաչառության ու արհեստավարժության վերաբերյալ որևէ կասկած չառաջանա: Ուստի ավելի լայն ենք բացելու մեր դռները քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առջև՝ շեշտը դնելով առողջ, ներդաշնակ գործակցության վրա:

 

Հարգելի՜ դատախազներ

 

Ես շնորհակալ եմ  օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության  ապահովման ճանապարհին ձեր  ցուցաբերած նպատակասլացության, դիմացկունության, տոկունության և զսպվածության համար: Մենք հետագայում էլ շարունակելու ենք  հավատարիմ ու ամուր կանգնած մնալ  Հայաստանի պետականության ամրապնդման ուղուն:

 

Անկեղծ շնորհավորանքի  խոսքեր եմ ուզում նաև հղել  շնորհակալության արժանի Ձեր բոլորի ընտանիքներին: Սա նաև իրենց տոնն է:  Ձեր ծնողները, ամուսինները և երեխաները միշտ պետք է Ձեզանով հպարտանալու առիթ ունենան, հավատացած լինեն, որ ձեր՝ ուշ տուն վերադառնալը փոխհատուցվում է պետության անվտանգությանը և ժողովրդի բարօրությանը ձեր պատվաբեր ծառայությամբ:

 

Կրկի՜ն շնորհակալություն Ձեր ընտանիքների անդամներին՝ համբերության  ու աջակցության համար:

 

Հարգելի՜ գործընկերներ

 

ՀՀ վերափոխված Սահմանադրությունը մեզ տալիս է բացառիկ լիազորություններ:

Լինե՜նք սահմանադրապաշտ և օրինապաշտ և ամեն քայլափոխի  նժարավորե՜նք մեր գործելաոճը Ֆեմիդայի կշեռքով:

 

Ցանկանում եմ, որ մեր աշխատանքի արդյունքում հասարակությունը դառնա միմյանց հանդեպ առավել հանդուրժող, սակայն միանշանակ լինի անհանդուրժող՝ խորթ, վնասակար ու հանցածին երևույթների հանդեպ, որպեսզի մեր ժողովրդի, մեր հասարակության հետ իսկապես ապրենք ներքին ու արտաքին սուր մարտահրավերներից զերծ երկրի զարգացման, առաջընթացի, այդ ամենի մասնիկն ու մասնակիցը լինելու բերկրանքը:

 

Սկզբունքայնությու՜ն և վստահությու՜ն ձեր ուժերին, ընտանեկան բարեկեցություն, հոգևոր դիմացկունություն, կայունություն և նորանոր  հաջողություններ Ձեր գործում:

 

Հարգելի՜ գործընկերներ

 

Առանց չափազանցնելու պետք է նշել, որ դատախազության դերը ոչ միայն պահպանվում, այլև՝ խորացող ժողովրդավարության պայմաններում դառնում է առավել անհրաժեշտ և պատասխանատու: Դատախազության  ճանաչումը և հեղինակությունը ապահովվում է առաջին հերթին մեր կատարած գործերի իրական արդյունքներով:

 

Ես վաստահ եմ՝ կատարվող օրենսդրական, ինչպես նաև մեր շարունակական բարեփոխումների արդյունքները թույլ կտան առավել բարձրացնել դատախազության  հանդեպ  բնակչության վստահության չափաքանակը, մեզ ավելի կմոտեցնեն նվիրական այն նպատակին, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ ապրի ու արարի անվտանգության զգացումով՝ միաժամանակ վստահ լինելով, որ երբևէ հանիրավի չի հետապնդվի:

 

Պատվո՜վ ծառայենք, արժանի՜ լինենք Հայաստանի Հանրապետության  դատախազության աշխատողի կոչմանը: Թող մի՜շտ մեզ հետապնդի լավատեսությունը և մասնագիտական հաջողությունը:

 

Խաղաղությու՜ն և զորությու՜ն մեր հայրենիքին:

 

Շնորհակալությու՜ն ուշադրության համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին