Կարևոր իրադարձություններ

Զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում. հարձակվողը ատրճանակի հարվածներ է հասցրել դիզվառելիքի լցակայանի աշխատողին

23 Հունիս, 2018 11:16
Զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում. հարձակվողը ատրճանակի հարվածներ է հասցրել դիզվառելիքի լցակայանի աշխատողին

Երեկ՝ հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 03:30-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիմակավորված ու ատրճանակով զինված Երևան-Գորիս ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Ցուրտ Աղբյուր» կոչվող հատվածում տեղակայված դիզվառելիքի լցակայանի շենքի դուռը ծեծել է, և երբ աշխատակիցը բացել է դուռը, դիմակավորված անձը ատրճանակը պահել է աշխատակից՝ 35-ամյա Է. Բ.-ի վրա և պահանջել գումար:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինված դիմակավորված անձը, տեսնելով, որ Է. Բ.-ն, ով որպես լիցքավորող է աշխատում, չի կատարում իր պահանջը, մի քանի անգամ զենքին նմանվող ատրճանակի բռնակով հարվածել է նրա գլխին:

Լիցքավորողը այդ վիճակով անգամ դիմադրել է հանցագործին, ով ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ պարկուճ և գլխարկ:

 

Ըստ տեղեկությունների՝ գլխարկը պատկանում է փախուստի դիմած հանցագործին, ում գլխից դիմադրության ժամանակ գլխարկը ընկել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու փաստով հարուցվել է քրեական գործ: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանցագործը «Մարտիկ Շալունց» ԱՁ-ի դիզվառելիքի վաճառքի կետի դուռը ծեծելիս՝ խոսել է ռուսերեն լեզվով:

 

Լրահոս

Դիտել ավելին