Կարևոր իրադարձություններ

Հայաստանից գողացվածի չափը հայտնի է՝ շուրջ 30 մլրդ դոլար. «Ժամանակ»

23 Հունիս, 2018 10:51
Հայաստանից գողացվածի չափը հայտնի է՝ շուրջ 30 մլրդ դոլար. «Ժամանակ»

«...Եթե վերանում ենք զգա­յականությունից, ապա պետք է արձանագրենք՝ կապ չունի, թե որ ոլորտից ու որ կառույ­ցից է կատարվել պետական բյուջեի յուրացումը: Վերաբեր­մունքը պետք է նույնը լինի նաև տրանսպորտի նախա­րարության համակարգից, սպորտի բնագավառից կամ պետական գույքի կառավար­ման ասպարեզում կատարված յուրացումների դեպքում: Էությունը նույնն է՝ գողացվել ու յուրացվել է պետական փող, որը բոլորինս է, հասարակու­թյան յուրաքանչյուր անդամինն է ու հասարակությանը՝ որպես ամբողջականություն: Հետևաբար, ավելի կամ պակաս զգայականությամբ հասարակության վերաբեր­մունքը պետք է նույնը լինի ցանկացած, անգամ երկրոր­դական թվացող ոլորտում պե­տական յուրացման նկատ­մամբ: Որովհետև պետական համակարգում չկան առաջ­նային ու երկրորդական ոլորտներ, պետական փողը չի կարող լինել յուրացման ենթակա կամ ոչ այնքան:

 Պետա­կան փողի յուրացումը քրեորեն պատժելի հանցագործու­թյուն է, հասարակության ու պետության դեմ ուղղված հանցագործություն: Հետևաբար, նոր իշխանությունը պետք է հայտնաբերի բոլոր ոլորտների ու բոլոր համա­կարգերի «մանվելներին», որոնք տասնյակներով, եթե ոչ հարյուրներով են: 


Խնդիրն այս համատեքստում դիտարկելիս ամենաառաջին ծագող հարցն այն է, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել պետական միջոցների չարաշահման ու յուրացման առնչությամբ: Ստույգ ու անս­խալ գնահատականներ տալ, բնականաբար, հնարավոր չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե մեկ կամ անգամ մի քանի, այլ առնվազն երկու տասնա­մյակ գոյություն ունեցած ու գործած ստվերային սխեմա­ների, մութ մեխանիզմների հետ, որոնց հանրագումարում թալանվել են հասարակու­թյունն ու պետությունը: Թա­լանվել են մեթոդաբար ու հետևողականորեն: Բայց որքան էլ դժվար է որոշելը, առկա են որոշակի ցուցանիշներ, շատ կոնկրետ թվեր, որոնք գոնե մոտավոր պատկերացում կարող են տալ տարիների ընթացքում տեղի ունեցած պետական թալանի մասին:

Նման գնահատումները բազ­մաթիվ են, բայց հիշենք դրանցից ընդամենը երկուսը. 2013 թվականին Ազգային ժողովում ներկայացնելով 2012 թվակա­նի զեկույցը, այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախա­գահ, այսօր «Ծառուկյան» դա­շինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ռիսկային է գնահատվել կամ որ նույնն է՝ մսխվել է բյուջետային ծախսերի 70 տոկոսը:

...2012 թվականի պետական բյուջեի ծախսային հատվածը ավելի քան մեկ տրիլիոն դրամ էր: Դրա 70 տոկոսը կազմում է շուրջ 700 միլիարդ դրամ կամ մոտ 2 միլիարդ դոլար: Իսկ որ­քա՞ն են կազմել բյուջետային ծախսերի մսխումները դրան նախորդող ու հաջորդող տա­րիներին: Իշխան Զաքարյանը կամ որևէ այլ պաշտոնյա այ­լևս այդ թեմայով որևէ զե­կույց ու թիվ չհրապարակեցին: Բայց եթե հիմք ընդունենք միջինացված ցուցանիշները և համարենք, որ մսխվել է բյուջետային ծախսերի ոչ թե 70, այլ «համեստ» 50 տոկոսը, ապա խոսքը կարող է վերա­բերվել տարեկան 1.5 միլիարդ դոլարի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին