Կարևոր իրադարձություններ

«Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է». Ստեփան Գրիգորյան. «Փաստ»

23 Հունիս, 2018 08:33
«Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է». Ստեփան Գրիգորյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայաստանյան վերլուծական շրջանակներում ակտիվ քննարկվում է, թե չի բացառվում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, սակայն, այս պահին նման վտանգ չի տեսնում: 

Ստեփան Գրիգորյանի խոսքով` երկրորդ հանգամանքը կապված է Հայաստանի միջազգային ռեյտինգի հետ. «Հայաստանի ռեյտինգն աճում է. դուրս գալ մի երկրի դեմ, որտեղ լուրջ փոփոխություններ են կատարվում, որտեղ պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, դժվար կլինի: Ալիևը դա էլ է հասկանում: Երրորդը Ռուսաստանի գործոնն է: Եթե ուշադիր հետևենք ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, կտեսնենք, որ բոլորն, առանց բացառության, Ադրբեջանին զգուշացնում են` «իրավունք չունես գնալ ապակայունացնող քայլերի, քանի որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են, պետք է սպասենք, հետո կխոսենք»: Այս փուլում Ռուսաստանի գործոնը շատ դրական է: Ռուսաստանի համար ևս ձեռնտու չէ արագացնել գործընթացը, մենք իրենց ռազմավարական գործընկերն ենք, և իրենք ուզում են հասկանալ` վերջնական ո՞ւր է գնում Հայաստանը: Ադրբեջանը հասկանում է նաև Ռուսաստանի հայտարարությունները, որ ՌԴ-ն չի ողջունի «ավանտյուրան»: Այս երեք գործոնները թույլ չեն տա, որ իրավիճակն ապակայունացնելու գործողություններ լինեն` Ադրբեջանը մեծ ուժերով հարձակվի»:

Քաղաքագետը շեշտեց` այդուհանդերձ` մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք անկանխատեսելի երկրի հետ. «Համոզված լինելով` այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, որովհետև կարող են ամեն ինչի գնալ: Հավանականությունը փոքր է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի, բայց զգույշ լինել պետք է»:

«Նույն իշխանությունն է, և նույն հռետորաբանությունը պետք է լինի`«մենք պատրաստ ենք, շուտով կվերցնենք հողերը»… Նման ավտորիտար ռեժիմներում պրոպագանդիստական մեքենան դեր ունի: Ադրբեջանի ներկա հռետորաբանության մեջ զարմանալի ոչինչ չկա: Բացի այդ, հաճախ հայտարարություններն ուղղված են իրենց ներքին լսարանին: Պետք է ուշադիր հետևենք, բաց չթողնենք այն պահը, երբ իրենց հռետորաբանությունը մեզ ուղղված կլինի, բայց վերջին հայտարարություններն ուղղված են իրենց լսարանին»,-նշեց նա:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման տեմպը պահելու մի քանի ուղղություններ կան:

«Պետք է աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի հետ: Արդեն եղել են այցելություններ ՌԴ, Վրաստան, այց է նախատեսվում նաև Բրյուսել: Բայց գլխավոր քայլը կոռուպցիայի դեմ սկսված լուրջ պայքարն է` այդ պայքարի մասշտաբայնությունը պետք է պահպանել: Լրջագույն գործընթաց է, որը հետաքրքրում է աշխարհին: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանը կդարձնի գրավիչ բոլորի համար: Մարդիկ հասկանում են, որ Հայաստանն ավելի հետաքրքիր է դառնում, ավելի բաց է աշխարհի համար: Հայաստանը դառնում է խաղացող, ունի իշխանություն, որը դինամիկ է և պայքարում է կոռուպցիայի դեմ`օրենքի գերակայության համար: Ներքին բարեփոխումները շատ ավելի ուժեղ կազդեն մեր ռեյտինգի վրա»,-եզրափակեց նա: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին