Կարևոր իրադարձություններ

Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է... «Փաստ»

23 Հունիս, 2018 08:13
Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանի բացահայտումների ֆոնին ժողովուրդն սկսել է պետական պարտքը մարելու հույսեր փայփայել: Ավելի ռոմանտիկները նույնիսկ պնդում են, որ եթե արդեն կարողացել են, առանց բուրգի գլխին հասնելու, մի քանի կազմակերպությունից մոտ 10 միլիոն դոլար հավաքել, որ մի քիչ էլ վեր բարձրանան, կսկսեն միլիարդներ քամել: Ու չնայած այս բոլոր բացահայտումներից հետո, այնուամենայնիվ, պարզվում է, որ գտածոն մի մեծ բան չէ, ամենաշատը 2 մլն դոլար, բայց դա էլ չի խանգարում, որ շատերը առանց պարտք–պահանջ ունեցող Հայաստանի մասին երազեն:

Անկեղծ ասած՝ տպավորությունն այնպիսին է, որ մեկ–երկու միլիոն դոլարն ընդամենը արևածաղիկ գնելու և որոշ մանր– մունր ծախսեր անելու համար են տոպրակներով պահել նկուղներում, աշխատասենյակներում, ավտոտնակներում և այլն: Իսկ մնացա՞ծը ուր են, որոնք գումարվել ու 7 միլիարդ դոլար պետական պարտքի ձևով կախվել են յուրաքանչյուրիս վզին: Միայն ապրողների չէ, նաև դեռևս չծնվածների վզին էլ, ովքեր նույնիսկ դեռ չեն էլ «պլանավորել» աշխարհ գալ: Բայց պարզ է, չէ, որ հենց որոշեցին հայաստանի դեմոգրաֆիական պատկերի վրա դրական ազդեցություն ունենալ, մեկ էլ «պարզ» կդառնա, որ դեռ չծնված՝ իրենք էլ են համալրել Հայաստանի պարտապանների հսկա ցուցակը: 

Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար–մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,6%–ով։ Միաժամանակ, նույն տնտեսական ակտիվության մայիսի ցուցանիշը ապրիլի նկատմամբ կազմել է 10,4%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մայիսի համեմատ՝ 5,4%:

Թվերը՝ թվեր, բայց ժողովրդի իրական կյանքը ո՛չ այդ թվերից, ո՛չ էլ այս կամ այն մարդու կաբինետից գտած գումարի զրոների քանակից այդպես էլ չի լավանում: Ժողովուրդը միայն նստած մատներն է ծալում, դեպքերը հիշում, անունները թվարկում ու մտքում գրած մոտ 100 հոգանոց ցուցակի հետ համեմատում, հաշվում է, ու հույս փայփայում, թե չլինի՞ պետական պարտքն էլ Նիկոլը փակի:

Բայց հետաքրքիր է՝ կա՞ մեկը, ով իսկապես հավատում է, որ մեկ առ մեկ գողացած, լվացած, չորացրած, ցանած, բազմացրած, հավաքած ու դեռ չկերած բոլոր գումարները հետ կգան բյուջե և գումարաշորթության բոլոր դրվագների մասին ժողովուրդն ամեն ինչ կիմանա ու իրեն լավ կզգա: 

Պարզ է, չէ՞, որ Մանվելից սկսած բոլորն էլ ասելու են, որ տեղյակ չեն, թե միլիոն դոլարը, կիլոյով ոսկին և այլն ինչպես են իրենց մոտ հայտնվել: Ու չի բացառվում, որ նրանց կողմնակիցները շարունակեն լուրջ դեմքով ժողովրդին համոզել, որ իսկապես այդ անձը կամ անձինք ընդհանրապես ոչնչից տեղյակ չեն, անգամ «պագրիշկա» ծակել չեն տվել, էլ ուր մնաց մնացած մեղադրանքները: Հա, մեկ էլ մի հարց մոռացա, նախկինում հայտնաբերված հերոյին, կոկաին և այլ տեսակի թմրանյութերի՞ց ինչ նորություն կա, թե՞ թավշյա հեղափոխության խառը օրերին դրանց մասին մոռացել են ու ընկել են արջի, գայլի ու բանակ չհասած ավարի հաշվարկով:

Հիմա հարց. հավատա՞նք, որ իսկապես կարող է այնքան շատ փող գտնեն մեր իրավապահները, որ հնարավոր լինի պետական պարտքը ջրել: Չէ, հա, դժվար, բայց վստահ եղեք, ով որ կարողանա այնպիսի սուտ ասել, որ ժողովուրդն ասի սուտ է, համոզված եղեք, իսկապես կկարողանա ընտրողների ձայների 50 % +1 ձայնի տերը դառնալ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին