Կարևոր իրադարձություններ

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ

22 Հունիս, 2018 18:11
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը:

Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարությունը: 

Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ:  

Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին համատեղ գործունեության համար և նրանց մաղթել արդյունավետ աշխատանք: 
Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը:

«Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,-ընդգծել է նախարարի տեղակալը: 


Նշենք, որ մրցույթի կազմակերպման նպատակով ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ:

 

Լրահոս

Դիտել ավելին