Կարևոր իրադարձություններ

Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը փողեր է յուրացրել

22 Հունիս, 2018 16:13
Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը փողեր է յուրացրել

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված չլինելու պայմաններում դիզելային վառելիք, իսկ 2016-2017 թվականների ընթացքում՝ դեղորայք է յուրացրել:

Հդատախազությունից  հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 եւ 2016 թվականներին «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նախահաշվի «տրանսպորտային նյութեր» ծախսային հոդվածով նախատեսվել է համապատասխանաբար 270.000 եւ 200 000 ՀՀ դրամ գումար: Սակայն «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ն այդ ընթացքում ավտոմեքենա կամ տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ պայմանագիր չի ունեցել, բացակայել են նաեւ տրանսպորտային ուղեգրերը:

Չնայած դրան՝ 2015թ. մայիսին ձեռք է բերվել 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք, իսկ 120.000 ՀՀ դրամ մնացորդը հատկացվել է գրասենյակային ծախսերին՝ առանց նախահաշվում փոփոխություն կատարելու: 2016թ. մայիսին այդ նպատակով հատկացված ամբողջ գումարը ծախսվել է առանց հիմնավորման:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ հանդիսանալով Ազատավանի ԱԱՊԿ-ի տնօրեն՝ Ա. Ղ.-ն, 2015-2016 թվականների ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք եւ 200.000 ՀՀ դրամ գումար՝ «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր 350.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ Ազատավանի ԱԱՊԿ նախկին տնօրենի 2014թ. հրամանով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ եւ ժամանակին կատարելու համար ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ պարգեւատրվել են՝ յուրաքանչյուրը 32.500 ՀՀ դրամի չափով: Սակայն պարգեւավճարները չեն տրամադրվել խրախուսված աշխատակիցներին եւ Ա.Ղ-ն պարգեւավճարների ցուցակում նշված աշխատակիցների անվան դիմաց ակնհայտ կեղծ ստորագրություններ դնելու եղանակով յուրացրել է զգալի չափերով գումար:

Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, ինչպես նաեւ  պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ նշված դեպքեր առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի   179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին