Կարևոր իրադարձություններ

Պաշտպանելու եմ պատիվս դատարանում. Շարմազանովն արձագանքել է Փոստանջյանի տեսանյութին

22 Հունիս, 2018 11:53
Պաշտպանելու եմ պատիվս դատարանում. Շարմազանովն արձագանքել է Փոստանջյանի տեսանյութին

Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը եւ հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս մասի ասված է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մեջ:

«Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ եւ դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով ոչ թե որեւէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբեւէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաեւ նշված կիսակառույց շինությունը նշված են իմ  հայտարարագրում, որը բաց է եղել եւ հասանելի ցանկացած քաղաքացու համար:

Մշտապես հայտարարել եմ, այժմ էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես բաց եմ օրենքով սահմանված ստուգումների համար: 10 տարի ծառայել եմ եւ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական պաշտոնը համարելով առաքելություն: Երբեւիցե ուղիղ կամ միջնորդավորված պետական գնումների որեւէ գործընթացի չեմ մասնակցել, որեւէ ապրանքի ներկրման եւ արտահանման գործարքում նույնիսկ միջնորդավորված չեմ եղել: Եթե կապացուցվի, որ ես երբեւէ անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել եմ հանրային միջոցներից, պետական բյուջեից, երբեւէ մասնակցություն եմ ունեցել որեւէ անօրինական գործարքի կամ եղել եմ որեւէ կոռուպցիոն սխեմայում, պատրաստ եմ կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ, եթե որեւէ մեկը կփորձի արատավորել իմ անունը եւ մոդայիկ դարձած ժողովրդահաճո անվանարկումներով էժան հեղինակություն ձեռք բերել՝ զրպարտությամբ, անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում: Սթափվեք, տիկնայք եւ պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է», - ասված է նրա հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին