Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Վարդան Այվազյան. «Ընտրությունների ժամկետը քաղաքական ուժերի որոշելիք խնդիրն է». «Փաստ»

22 Հունիս, 2018 08:31
Վարդան Այվազյան. «Ընտրությունների ժամկետը քաղաքական ուժերի որոշելիք խնդիրն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբն արդեն ստեղծվել է, և առաջիկայում սպասվում են քննարկումներ տարբեր ֆորմատներում: Այս շրջանում նաև որոշակի ժամկետներ են նշվել` կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ: Կան հարցեր, որոնք որոշակի պարզաբանումների կարիք ունեն: Օրինակ` Ընտրական օրենսգրքի ընդունումից, կամ ԸՕ–ում փոփոխություններ կատարելուց հետո Սահմանադրությամբ սահմանված կոնկրետ ժամանակահատված կա՞, որից հետո միայն կարող են ընտրություններ անցկացվել:

 

Անդրադառնալով հարցին` սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց. «ԸՕ փոփոխություններից հետո ընտրություններ անցկացնելու ժամկետը քաղաքական ուժերի որոշելիք խնդիրն է: Հարցը տեխնիկական հարթության մեջ է: Սահմանադրությամբ միայն ասվում է, որ եթե Ազգային ժողովն իրավունքի ուժով ինքնալուծարվում է, ապա արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու ԱԺ–ի ինքնալուծարվելուց հետո 35–45 օրվա ընթացքում: 35–45 օրվա պահեստային ժամանակահատվածից բացի` ընտրություններին պատշաճ պատրաստվելու համար մի քանի ամիս է անհրաժեշտ, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան հստակ դիրքավորվել և նախապատրաստել իրենց նախընտրական ծրագրերը: Ըստ էության, գործ ունենք բոլորովին այլ իրողությունների հետ, և քաղաքական ուժերին պետք է այդ ժամանակը ընտրություններին պատրաստվելու համար»: ԸՕ փոփոխություններից կամ նոր ԸՕ–ի ընդունումից հետո խորհրդարանական ընտրությունների անցկացման 6–ամսյա ինտերվալի մասին է խոսվում:

Սահմանադրագետը պարզաբանեց. «6–ամսյա ժամկետի առումով իրավական կարգավորում չկա, ըստ որի` ԸՕ փոփոխություններից հետո պարտադիր պետք է անցնի վեց ամիս և միայն դրանից հետո պետք է անցկացվեն ընտրությունները: Այդ 6 ամիսը հիմնականում վերաբերում է միջազգային փորձին և պրակտիկային: Փոփոխված ԸՕ–ից հետո 6 ամիսն այն խելամիտ ժամկետն է, որը հնարավորություն կտա քաղաքական ուժերին պատրաստվել նոր ԸՕ–ով անցկացվելիք ընտրություններին: 6 ամիսը դոգմա չէ: Այդ ժամկետն ինչ–որ տեղ կարելի է համարել ոչ թե կարգավորվող իրավահարաբերություն, այլ «սահմանադրական սովորույթ»: Իսկ եթե ցանկություն ունեն խախտել 6 ամսվա ժամկետը, որևէ խնդիր չի առաջանա: Այդ պարագայում ևս քաղաքական ուժերի պայմանավորվածության խնդիրն է: Օրենսդրությամբ նման արգելք չկա»:

Իսկ թե, ըստ սահմանադրագետի, ո՞րն է ստեղծված իրավիճակում «խելամիտ ժամկետ» ասվածը, ե՞րբ է ճիշտ անցկացնել ընտրությունները, Վ. Այվազյանն ընդգծեց. «Տարբեր քաղաքական ուժերի համար տարբեր է: Ենթադրենք` եթե ես ՀՀԿ անդամ լինեի, ամեն ինչ կանեի, որ արտահերթ ընտրություններ չլինեին, կամ եթե լինեին` հնարավորինս ուշ: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամ լինեի, ամեն ինչ կանեի, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ լինեին: Ընդհանուր առմամբ, եթե միջինացված վերցնենք, ապա խելամիտ ժամկետը ԸՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիս անց ընտրություններ անցկացնելն է: Այդ ժամկետն արդարամիտ կլինի: Բացի այդ, խելամիտ ժամկետ ասվածն ինչ–որ տեղ կախված կլինի նաև կատարվելիք փոփոխությունների ծավալով և բարդությամբ: Եթե մեծ ծավալով և նոր գաղափարներով փոփոխություններ կատարվեն, նոր հայեցակարգային դրույթներ լինեն, այդ պարագայում ընտրություններ անցկացնելու համար երևի ավելի մեծ ժամկետ կպահանջվի: Իսկ եթե փոփոխությունները լինելու են տեխնիկական բնույթի, ապա իմ նշած երեք ամիսը բավարար կլինի»:

 

Ինչ վերաբերում է ակնկալվող փոփոխություններին, սահմանադրագետը երեք ուղղություն նշեց: «Արդարություն ապահովելու համար հիմնականում պետք է փոփոխեն ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի, քվեարկության անցկացման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև պետք է քննվի ռեյտինգային կոչված տարածքային ցուցակների վերացման հարցը: Երեք հարցերն էլ տեխնիկական բնույթի են, եթե հայեցակարգային առումով փոփոխություն չեն մտցնում»,–նշեց նա: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին