Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    562
    570

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

«Նույնիսկ մեկ երեխա ավելանալու դեպքում պարտավոր են նորից դիմել մեզ». «Փաստ»

22 Հունիս, 2018 08:20
«Նույնիսկ մեկ երեխա ավելանալու դեպքում պարտավոր են նորից դիմել մեզ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից դպրոցների լիցենզավորմանը վերաբերող ուշագրավ հայտարարություն հնչեց: Մասնավորապես, նախարարին արտոնագրման վարչությունից տեղեկացրել էին, որ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Պարզվել է նաև, որ տարիներ շարունակ որոշ դպրոցներ օգտվել են արտոնություններից: Նախարարի խոսքով՝ դպրոցները գործել են առանց արտոնագրի, և երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել, անմիջապես զանգել են համապատասխան գրասենյակներ՝ հորդորելով այդ դպրոցների հետ գործ չունենալ: 

 

Ի՞նչ պահանջներ են դրվում դպրոցների առջև հանրակրթական ուսուցում իրականացնելու համար լիցենզիա ստանալու նպատակով և որքա՞ն ժամանակով է այն տրվում: Այս և այլ հարցերի «Փաստի» հետ զրույցում պատասխանել է նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը:

2001 թ. ընդունվել է լիցենզավորման մասին օրենքը, որտեղ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ էր ներկայացված նաև կրթության բնագավառը: Մովսիսյանի խոսքով՝ օրենքում հստակ նշված է, թե ինչ պայմանների ու պահանջների պետք է բավարարի կրթական հաստատությունը, որպեսզի տվյալ գործունեությունը լիցենզիա ստանա: Լիցենզիա ստանալու համար գործակալություն է ներկայացվում հայտ, որտեղ նշվում է գործունեության տեսակը: Լիցենզիան տրվում է անժամկետ: Այս դեպքում հարց է առաջանում՝ Չեխովի անվան կամ մյուս դպրոցներում ինչո՞ւ լիցենզիա չի եղել: Մովսիսյանը պարզաբանում է. «2007 թ. լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարվեց՝ տարրական ընդհանուր ծրագիրը դիտվեց որպես լիցենզավորման ենթակա գործունեություն: Մինչ այդ լիցենզավորման ենթակա են եղել միայն հիմնական և միջնակարգ ծրագրերը: Երբ ընդունվեց օրենքը, այդ մասին հանրապետության բոլոր դպրոցներին տեղեկացվել է: Օրենքի ընդունումից հետո բոլոր հաստատությունները պարտավոր էին դիմել լիցենզավորման գործակալություն, համապատասխան փաստաթղթեր ներկայացնեին, որից հետո մենք ուսումնասիրություն ենք իրականացնում, եզրակացությունը ներկայացնում լիցենզավորման հանձնաժողովին, որի քննության արդյունքով նախարարին ներկայացվում է համապատասխան որոշում: 2007 թ. օրենքն ուժի մեջ է մտել: Այդ ինչպե՞ս եղավ, որ մնացած բոլոր հաստատությունները դիմեցին, իսկ իրենք՝ ոչ»: 

Հարցին, թե արտոնագիր ստանալու համար կրթական հաստատությունը ինչ-որ գումար վճարո՞ւմ է, գործակալության պետը տեղեկացրեց, որ պետության կողմից սահմանված է պետական տուրք՝ տարրական հան15 հազար դրամ միանվագ վճար, հիմնական ծրագրի համար՝ 20 հազար, իսկ միջնակարգի՝ 25 հազար դրամ: Բուհերի դեպքում այդ գումարը տարեկան կազմում է 300 հազար դրամ: Եվ ի տարբերություն բուհերի՝ դպրոցներն այդ գումարը վճարում են միայն մեկ անգամ՝ լիցենզիան ստանալու պահին:

 

Առանց լիցենզիա ստանալու գործունեություն ծավալելու համար վարչարարության, իրավախախտումների մասին օրենքով նախատեսված է տույժ-տուգանք: 2010 թ. տեղի ունեցավ կառավարության համապատասխան որոշում դպրոցների վերակազմման մասին՝ դպրոցները դարձան հիմնական և ավագ: Հիմնական դառնալու դեպքում դպրոցները նորից պետք է վերաձևակերպեին լիցենզիաները: Պետռեգիստրում բոլոր փաստաթղթերը պետք է նոր անունով լինեին:

Դիտարկմանը, թե արտոնագիր ստանալուց խուսափել են, որպեսզի ոչ թե 90, այլ 120 աշակերտ կարողանան ընդունե՞լ, Մովսիսյանը պատասխանեց, որ պարտավոր էին լիցենզիա ունենալ տարրական դասարաններում ընդունելություն կազմակերպելու համար: Դպրոցի կողմից ներկայացված հայտի հիման վրա գործակալությունը տեղեր է սահմանում: Գործակալությունը տեսնում է, թե դպրոցի ունեցած տարածքը նորմատիվների պահանջներով համապատասխանո՞ւմ է ներկայացված թվին: Եթե չի համապատասխանում, մերժում են կամ հորդորում նվազեցնել ընդունելության թիվը: Եթե հիմնական հանրակրթական ծրագրի համար լիցենզիայի համաձայն աշակերտների թիվը պետք է լինի 700, իսկ դպրոցը դրանից ավել աշակերտ է ընդունել, ուրեմն՝ դա արդեն օրենքի խախտում է: 

«Իրենք պարտավոր էին մեկ երեխայի ավելացման դեպքում նորից դիմել մեզ: Մենք այդ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով եզրակացությունը ուղարկում ենք նախարարին՝ որոշելու համար տեղ ավելացնել, թե՞ ոչ»,- նկատեց նա: 

Արտոնագրից խուսափելու պատճառն իրականում ի՞նչը կարող էր լինել: Մովսիսյանը սրա պատասխանը չունի: Բայց շեշտում է՝ օրենքի առջև բոլորը հավասար են: Ըստ նրա՝ Լիցենզավորման գործակալությունն այդ հարցերին կարող է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ իրենց դիմում են հայտերի համար, հակառակ դեպքում՝ իրավունք չունեն մտնել, հարցնել՝ ինչու չես գալիս լիցենզավորման: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին