Կարևոր իրադարձություններ

Իտալիան պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել գործարար հարաբերությունները

21 Հունիս, 2018 17:09
Իտալիան պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել գործարար հարաբերությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 21-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

 

Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության բոլոր ճյուղերում համագործակցության, մեր երկրում իրականացվող տարբեր ծրագրերում իտալական առաջատար ընկերությունների ներգրավվածության կարևորությունը։

Նա իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերում իտալացի մասնագետների աշխատանքից, նաև կարևորեց առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներում իտալական ընկերությունների մասնակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ամեն ջանք ներդնել՝ ավելի ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակները։ Նա նաև նշեց, որ Հայաստանում աշխատող իտալացի մասնագետների արձագանքն այնքան դրական է մեր երկրի մասին, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ ցանկություն ունեն ներդրումներ կատարել և ներգրավվել տարբեր ծրագրերում։

Դեսպանը նշեց, որ պատրաստ են տարաբնույթ աշխատանքներ իրականացնել Հայաստանի մասին իտալացիներին առավել մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացնելու, այստեղ իրականացվող ծրագրերին ծանոթացնելու, մեր երկրի նկատմամբ առավել դրական մոտեցում ձևավորելու, գործարար հարաբերություններն ավելի զարգացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին