Կարևոր իրադարձություններ

Մարդիկ գալիս են ու պատմում, թե ինչ է արել Մանվելն ու նրա ընտանիքը․ Ճոյտ․ «Փաստ»

21 Հունիս, 2018 09:15
Մարդիկ գալիս են ու պատմում, թե ինչ է արել Մանվելն ու նրա ընտանիքը․ Ճոյտ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով բավականին լավատեղյակ է, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում Էջմիածին քաղաքում, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի օր է՝ մարդիկ գալիս են իր մոտ և պատմում, թե տարբեր տարիների ընթացքում իրենց հետ ինչպես է վարվել Մանվել Գրիգորյանը, ինչեր է խլել ու քանիսին դժբախտացրել: 

 

«Հայթաղ գյուղից մեկի «վիշկան» են խլել Մանվելի հարազատները, տարել են այսքան տարի իրենց կարիքների համար են օգտագործում, ութ հոգի եկել էին, ովքեր աշխատել են իրենց ձեռնարկությունում ու իրենց տների վրա, մարդկանց աշխատավարձը չեն տվել: Ահաբեկել են, ծեծել են: Տնկարանից են բնակիչներ եկել, ասում էին, որ ժամանակին իրենք են իրենց հողը մշակել, բայց Նազիկը եկել, ասել է, որ այդ հողերն իրենցն է ու հիմա իրենք են մշակում: Շատ մարդ է եկել այս ընթացքում, ես էլ նրանց խորհուրդ եմ տալիս՝ դիմեն իրավապահ մարմիններին»,– ասաց Հ. Հակոբյանը:

Նա ասաց նաև, որ մարդիկ նախկինում վախից են լռել: Հիմա էլ շատերը դեռ չեն համարձակվում խոսել՝ մտածելով, թե կարող է հանկարծ կրկին կարողանան վերականգնել իրենց դիրքերը: Բայց ավելի համարձակները, ովքեր այլևս կորցնելու բան չունեն, էլ չեն կարողանում լռել:

«Մեկն էլ պատմեց, որ իր տղան տարիներ առաջ մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի և շատ քիչ վնաս է պատճառել, բայց մանվելենք դրա դիմաց այդ տղայից խլել են իրենց տունն ու դեկտեմբերի վերջին նրան իր ընտանիքի, ծնողների, այդ թվում՝ անչափահաս երկու երեխայի հետ տանից դուրս են հանել»,– ասաց նախկին պատգամավորը:

Այդ ընտանիքը ձմռան կեսին դրսում մնալով՝ ստիպված արտագաղթել է Ռուսաստան, որտեղ էլ մահացել է այդ մեծ գերդաստանի տղաներից մեկը:

«Հիմա մայրը մյուս տղայի հետ այստեղ է, հիշում են, ահազանգում են և հույս ունեն, որ իրենք էլ կկարողանան վերականգնել իրենց կորցրածը: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել ոստիկանություն, բայց չգիտեմ, թե նրանցից քանիսն է դիմել, քանիսը՝ ոչ: Բայց որ այդ ընտանիքի պատճառով տուժածների թիվը գնալով ավելանում է, փաստ է»,– ասաց Հ. Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ այս ընթացքում իրեն արդեն մոտ 30–ից ավելի մարդ է դիմել, որպեսզի խորհրդակցի, թե ինչ անի: Դիմողներից մեկն անգամ նրանից խնդրել  է երաշխավորել իրեն ու իր ընտանիքին, քանի որ դեռ վախը սրտներում է, թե մանվելականները ոստիկանություն դիմելու համար կարող է հաշվեհարդար տեսնեն նրա ու ընտանիքի հետ:

 

«Ես նրան երաշխավորեցի, որ օրենքի շրջանակներում քննություն կիրականացվի, բայց ես ինչպե՞ս կարող եմ նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանել: Ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի էր ունենում, այլևս չի շարունակվի: Բայց տարիների այս հալածանքը, անարդարությունը, որը կար մեր քաղաքում, պետք է վերացվի: Այն վիճակն է եղել, որ հիմա մարդիկ չեն պատկերացնում, որ իրենց բողոքը տեղ կհասնի, իրենց իրավունքները կվերականգնվեն»,– ասաց նախկին պատգամավորը:

Նրա խոսքով, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ իմացել են, թե Էջմիածին քաղաքում ինչ վիճակ է, բայց միայն ինքն է տարիներ շարունակ պայքարել նման երևույթների դեմ, բայց այն ժամանակների ոստիկանությունը, դատախազությունը և անվտանգությունը աչք են փակել այդ ամենի վրա: Հ. Հակոբյանը «Փաստ»–ին պատմեց նաև, որ իրեն դիմածները պատմել են, թե ինչպես է մի տախտակի համար Մ. Գրիգորյանի որդին ծեծել ու ստորացրել Այծեմնիկ գյուղի աշխատողներին, որոնք աշխատել են, բայց այդպես էլ աշխատավարձ չեն ստացել: «Հիմա էլ իրենցից փող ուզողներից ուրիշ եղանակներով են հաշվեհարդար տեսնում: Ու չնայած Էջմիածինն արդեն շնչում է, և ուզում է նմանվել Հայաստանի բոլոր քաղաքներին, որ չտառապեն մի խումբ մարդկանց ձեռքին: Ես կարծում եմ, որ հիմա մեծ խնդիր է դրված իրավապահ մարմինների առջև: Եվ նրանք պետք է յուրաքանչյուր քաղաքացու դիմումն ուսումնասիրեն ու ցույց տան, որ իրականում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովրդի բարձրացրած ցանկացած հարց պետք է քննության առնվի ու լուծում ստանա, որպեսզի այս ամենը մնացած բոլոր օրինախախտների համար դաս լինի, իսկ մարդիկ էլ համոզվեն, որ Էջմիածին քաղաքում օրենքը գործում է»,– ասաց Հ. Հակոբյանը:

Նա նաև հավելեց, որ այս օրերի իրադարձություններից հետո ինքը թեև չի հանդիպել Մ. Գրիգորյանի որդուն՝ կրտսեր Գրիգորյանին, ով նաև օրերս է հրաժարական տվել քաղաքապետի պաշտոնից, բայց իր ղեկավարման տարիներին, ըստ նախկին պատգամավորի, հարյուրավոր միլոնների հասնող գումարներ է յուրացրել, որի մասին ինքը բարձրաձայնել է դեռևս տարիներ առաջվանից մինչև նրա հրաժարական տալը:

«Ես այդ մասին ասել եմ իմ ելույթների ժամանակ, որ ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոնների են հասնում այդ գումարների յուրացումները: Եվ եթե իշխանությունները պետք է հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն չստուգեն, չպարզեն, թե ուր են այդ գումարները և հասարակությանը չտեղեկացնեն այդ մասին, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել»– ասաց Հ. Հակոբյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին