Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին

20 Հունիս, 2018 22:28
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունիսի 20-ին հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին, հանձնակատար Ավրամոպուլոսը վերահաստատել է համատեղ աշխատելու հանձնառությունը՝ իր պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերի շուրջ առավել զգալի արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է վերոհիշյալ համաձայնագրերի իրագործման գործում ԵՄ անդամ պետությունների դերակատարությանը և ներկայացրել Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։

Զրուցակիցներն ընդգծել են Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

ԱԳ նախարարը կարևորել է ԵՄ և անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, ինչը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման և ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։ Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին