Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն հույս ունի, որ իր ուսումնասիրությունը առիթ կտա Կառավարությանը, ԱԺ-ին վերանայել կուտակային կենսաթոշակային համակարգի քաղաքականությունը

20 Հունիս, 2018 21:58
ՀՅԴ-ն հույս ունի, որ իր ուսումնասիրությունը առիթ կտա Կառավարությանը, ԱԺ-ին վերանայել կուտակային կենսաթոշակային համակարգի քաղաքականությունը

ՀՅԴ  հանրային կապերի գրասենյակը կուտակային կենսաթոշկային համակարգի հետ կապված հաղորդագրություն է տարածել:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։

Այդ համակարգի բարեփոխման և ավելի արդյունավետ դարձնելու հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է։

Նման բարեփոխման գործընթացը ամենաերկար ռազմավարական ծրագրային քաղաքականությունն է, որը կարող է պետությունը ընդունել մի քանի տասնամյակների հաշվարկով։

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը նույնպես կարիք է զգում բարեփոխման։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հանրային մեծ ուշադրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը սիրով Ձեզ է ներկայացնում իր հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրներին և լուծման այլընտրանքային ուղիներին։

Խնդիրը առավել կարևորվում է այն հանգամանքով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայումս կիրառվող համակարգի առաջին և սկզբունքային ընդդիմախոսն է։

Դեռ 2000-ական թվականների սկզբից Դաշնակցության ներկայացուցիչները ինչպես երկրի գործադիր և օրենսդիր մարմիններում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում մշտապես հայտնել են իրենց տեսակետը սույն բարեփոխումների վերաբերյալ։

ՀՅԴ սկզբունքային դիրքորոշման մասին նախ և առաջ լավատեղյակ են մեր ընդդիմախոսները՝ սույն համակարգի նախաձեռնողներն ու իրականացնողները։

Այդ պատճառով այսօր կարևորում ենք նաև համապատասխան տեղեկատվության տրամադրումը մեր հանրությանը՝ վերջինիս զերծ պահելով ապատեղեկատվությունից և ոչ հավաստի տեղեկություններից։

ՀՅԴ որևէ գործիչ երբեք չի հայտարարել սույն համակարգին կուսակցության աջակցության մասին։ Ավելին՝ սույն համակարգի դաշնակցության քննադատությունը ունի խոր արմատներ, հիմնված է մասնագիտական լուրջ վերլուծության և սկզբունքային դիրքորոշման վրա։

Հույս ունենք, որ սույն հրատարակությունը նոր առիթ կտա Կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքական ուժերին և լայն հանրությանը՝ վերանայել և բարեփոխել ներկայումս իրականացվող քաղաքականությունը։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել այդ թեմայով խորհրդաժողով, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիր կողմերը:

 

Լրահոս

Դիտել ավելին