Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը

20 Հունիս, 2018 19:18
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին   տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններում իր մեծ դերն ունի խորհրդարանական դիվանագիտությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի ու այդ համատեքստում կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հավելել, որ այն նպաստում է նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ժակ Մարիլոսյանն ուրախությամբ է նշել, որ Հայաստանում գտնվելու արդեն առաջին իսկ օրը զգացել են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների շունչը, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ըստ նրա, այդ մասին են վկայել նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆրանսիացի խորհրդարանականները տեղեկացրել են, որ ֆրանսիական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

«Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Օտարերկրյա որևէ ներդրող մեր երկրում որևէ խնդիր չպետք է ունենա և պետք է գործի հավասար դաշտում: Գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել ենք ժողովրդի առաջ ու այդ առումով ակնկալում ենք նաև մեր արտաքին գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործընկերների թվում է նաև Ֆրանսիան: Կառավարության ղեկավարն անդրադառնալով աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:  

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ֆրանսիական պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերին:   

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և շեշտել համապատասխան մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին