Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի փորձը կօգնի մեզ ավելի ճիշտ գնահատել մեր ռեսուրսները. Սուրեն Պապիկյանը՝ Ճապոնիայի դեսպանին

20 Հունիս, 2018 18:11
Ճապոնիայի փորձը կօգնի մեզ ավելի ճիշտ գնահատել մեր ռեսուրսները. Սուրեն Պապիկյանը՝ Ճապոնիայի դեսպանին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային։  

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունները, որի վկայությունն են հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող մի շարք աջակցության ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել տնտեսության, տարածքների համաչափ զարգացման, աղետների կանխարգելման ոլորտներում Ճապոնիայի թռիչքային և առաջանցիկ զարգացման փորձը և հավելել, որ Հայաստանի համար դրանք ունեն փորձագիտական նշանակություն։

«Կարծում եմ,  Ճապոնիայի ունեցած փորձը հնարավորություն կտա և կօգնի մեզ ավելի ճիշտ գնահատել ու օգտագործել մեր ունեցած ռեսուրսներն ու հնարավորությունները»,- ասել է նախարարը:

Դեսպան Ջուն Յամադան  շնորհակալություն հայտնելով նախարար Պապիկյանին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ`  ընդգծել է, որ տարածաշրջանների միջև զարգացման տարբերությունների հարթեցումը, բնական աղետների դեմ պայքարը երկու պետությունների համար էլ հանդիսանում են առաջնահերթություն։ Դեսպանը վստահեցրել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է կիսվել այս ոլորտներում իր արձանագրած հաջողությունների փորձով։Կարևորելով խոշոր քաղաքների և հարևան վարչատարածքային միավորների համաչափ զարգացման ճապոնական հարուստ և բազմադարյա փորձը և այդ ոլորտում անցկացնելով համեմատական զուգահեռներ՝   նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա գործընկերային և կառուցողական հարաբերություններն  առաջիկայում համագործակցության նոր եզրեր կուրվագծեն։


Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, բնական արհավիրքների կանխարգելման և ռիսկերի կառավարմանն ուղղված մի շարք հարցեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին