Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ չի քվեարկել․ պատգամավորը հերքում է

20 Հունիս, 2018 12:09
Սամվել Ալեքսանյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ չի քվեարկել․ պատգամավորը հերքում է

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ քվեարկողներից մեկը Սամվել Ալեքսանյանը չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը։

«Ո՞վ ասաց, որ ես եմ եղել: Ես ասեցի՝ կողմ եմ եղել, հիմա ի՞նչ են խոսում: Ո՞վ է ասում, ես չեմ եղել»,- ասաց նա ու հավելեց, որ դեմ քվեարկողները շատ վատ բան են արել:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: 

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: 

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: 

Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է անձեռնմխելիությունից։ Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նա կալանավորվել է երկու ամսով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին