Կարևոր իրադարձություններ

«Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ». «Փաստ»

20 Հունիս, 2018 09:15
«Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»-ը հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ զրուցել է հետհեղափոխական էյֆորիկ տրամադրությունների, սոցիալական ցանցերում առկա հակադրության և տեղի ունեցող գործընթացների, բացահայտումների շուրջ մարդկանց ընկալումների մասին: 

 

Էյֆորիայից դեպի դիրքորոշում

Էյֆորիան յուրահատուկ է և շատ ավելի յուրահատուկ է լինում հատկապես զանգվածային գործընթացների և գերհուզական ազդեցության տակ: Էյֆորիան իր մեջ պարունակում է մի քիչ իրականությունից կտրված լինելու երևույթ: Այդուհանդերձ, մենք այսօր էյֆորիկ տրամադրությունների շատ քիչ ենք հանդիպում, փոխարենն ականատես ենք մեկ այլ երևույթի: Իմ գնահատմամբ` էյֆորիկ տրամադրությունները հետ են քաշվել, բայց այդ ֆոնին առաջացել են դիրքորոշումներ: Հուզական տեսանկյունից այժմ մենք գտնվում ենք ուժեղ գունավորում ունեցող, արդեն ձևավորված և նույնիսկ կարծրացող դիրքորոշումների շրջանում: Եթե նախկինում կար հեղափոխական և էմոցիոնալ վիճակ, հիմա այլ է` ինչ-որ դիրքորոշումներ և կարծիքներ ինչ-որ երևույթների նկատմամբ: Մարդկանց դիրքորոշումները սկսում են ամրապնդվել` մեկը մի կարծիք ունի, մյուսը հակառակ համոզմունքը, մեկն էլ` այլ կարծիք: Իսկ դիրքորոշումների տարբերությունից ինչո՞ւ է հուզականորեն հագեցած բախում առաջանում: Ենթադրենք` իմ ու ձեր դիրքորոշումը բովանդակությամբ տարբեր են: Հիմա եթե կոնտակտի մեջ ենք մտնում, և ես ձեզ մոտ հակառակ դիրքորոշումն եմ տեսնում, բավականին հուզական վիճակի մեջ եմ հայտնվում ու կարող եմ անգամ ագրեսիվ դառնալ: Այսօրվա կարծիքների բախման պատճառը ոչ թե էյֆորիան է, այլ կտրուկ տարբերվող դիրքորոշումները: Մի քիչ պատկերավոր ասեմ` «ես իմ դիրքորոշումն եմ»` դիրքորոշումը անձի անքակտելի մասն է: Այդ պատճառով էլ, երբ հակառակ դիրքորոշում են հայտնում, կարծես իրենց անձին վիրավորեն: 

«Իմ անձի հետ է կապված այն, ինչի մասին դուք խոսում եք»

Տեսեք` առաջ քաշված սուր հարցերը կենսականորեն կարևոր են մարդկանց համար: Իսկ ինչը կենսականորեն կարևոր է, անմիջապես հուզական դաշտ է գնում: Բայց կարող է առաջանալ հարց` չէ՞ որ այդ խնդիրները կային նաև հեղափոխությունից առաջ: Մենք պետք է հասկանանք, որ վարքային նույն դրսևորումները տարբեր հանգամանքներում կարող են տարբեր կերպ ի հայտ գալ: Հեղափոխությունը մարդկանց մեջ հույս արթնացրեց, կարծես հույս կա, որ էական բան է փոխվում: Եվ քանի որ մարդիկ իրենց անմիջական մասնակցությունն ունեցան` զգացին սուբյեկտ լինելու հանգամանքը: Այսինքն` այն, ինչ կատարվում է, կախված է հենց իրենից, իսկ մինչ հեղափոխությունը մարդիկ կորցրել էին սուբյեկտայնությունը: Եթե ինչ-որ բանի մասնակից են լինում ու հակառակ կարծիք լսում, կարող են նաև անհանդուրժող դառնալ և իրենց կարծիքն առաջ տանել: Որևէ կարծիք հեղափոխությունից առաջ այդքան էմոցիոնալ չէր ընդունվում, որովհետև գիտեինք, որ ոչ մի որոշում մեզնից կախված չէ: Հիմա մարդիկ սուբյեկտ լինելու զգացողություն ունեն, ինչից շատ բան է փոխվում: Ասինքն` «իմ անձի հետ է կապված այն, ինչի մասին դուք խոսում եք»: Ըստ այդմ` շատ էմոցիոնալ ենք դառնում: Առհասարակ հույզերն իներտ են: Եթե մարդիկ շատ հուզական վիճակում են գտնվել, միանգամից չեն կարող շատ խաղաղ ու հանգիստ հուզական վիճակում հայտնվել: Հեղափոխությունն ինչ-որ իմաստով շարունակվում է: Այսինքն` անընդհատ մի նոր բան է կատարվում, անընդհատ նոր տեղեկություններ են գալիս: Մեծ հաշվով` քանի դեռ ունենք նման ազդակներ, առօրյա մակարդակի բալանսավորված հույզեր դեռ երկար չենք ունենա: Իսկ հուզական վիճակներ դեռ երկար կունենանք: 

 

«Հարվածը մարդկանց կենսականորեն կարևոր կետին է եղել»

Վերջին էպիզոդը` ԱԱԾ-ի բացահայտումը, պատկանում է հենց այն խմբին, որը հուզականորեն մեծ ծանրաբեռնվածություն ունի: Մեր ժողովրդի համար շատ կարևոր է եղել արդարության բացակայության խնդիրը: Արդարության բացակայությունը շատ մեծ վերք է եղել մեզ համար: Արժանապատվությանը հասցված վնասն ամենաուժեղն է, և այդ հարվածը մարդուն կարող է շատ էմոցիոնալ դարձնել: Անարդարություն, այն էլ այս աստիճանի, այն էլ` կապված ապրիլ յան պատերազմի հետ, որը սրբագործված մի բան է մեզ համար: Կենսականորեն կարևոր կետին է հարված եղել: Առհասարակ բոլորս բարոյական հասունացման որոշակի մակարդակի վրա ենք գտնվում: Մարդկանց հիմնական մասը ամենացածր մակարդակից մի քիչ ավելի բարձր մակարդակի վրա է: Այդ ամենացածր մակարդակում կա «բարոյական տհասություն» հասկացողությունը: Դու կարող ես անել մի բան, որը բարոյականության պարզագույն նորմերին դեմ է: Իհարկե, հասկանում ենք` կան հարցեր, որ ճշտումներ են պահանջում: Այնուամենայնիվ` եթե զենքի, զինամթերքի դեպքում ինչոր տրամաբանական կապ կարելի էր գտնել, ապա «սանտավիկի» կամ, կներեք, զուգարանի թղթերի դեպքում դժվար է: Իմ մասնագիտական հայացքն այստեղ կլեպտոմանիայի դրսևորում է տեսնում: Գողանալ մի բան, որը քեզ պետք չէ, գողանալ` գողանալու համար: Երբ բարոյական մակարդակն ու նման երևույթները գումարվում են` ստանում ենք մի բան, որը բացառիկ է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին