Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է, որ քանդվեն ստի վրա կառուցված ամրոցները. «Փաստ»

20 Հունիս, 2018 08:44
Ժամանակն է, որ քանդվեն ստի վրա կառուցված ամրոցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ հասարակական կազմակերպությունների անվան տակ շատերն են փորձել իրենց մութ գործերը «փաթեթավորել», նորություն չէ: Վկան՝ տարբեր ծրագրերով գումարներ լվանալու փաստերը, որոնք այսօր քննվում են տարբեր դատարաններում: Բայց խնդիրն այն է, որ եթե խոսքը սեփական կամքով երկրի պաշտպանությանն օժանդակելուն պատրաստ անձանց միավորելու մասին է, ապա համաձայնեք, որ եթե գրանցված է, որպես սովորական հասարակական կազմակերպություն, ապա չի կարող ավելի վեր դասվել, քան մնացածը և չի կարող պետական կառույցների ընկալումներում ավելին լինել, քան մյուսները: 

 

Ինչ վերաբերում է ԵԿՄ–ին, որը նույնպես գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, ապա այն կարելի է վաղուց իրեն սպառած կառույց համարել, քանի որ իրականում բոլորովին այլ հրամայականով ծնված ու կյանքի իրավունք ստացած կառույցը չի կարող ՊՆ–ի կցորդը համարվել: Սովորական մահկանացուներիս համար հասկանալի չէ, թե ինչու է այդ կառույցն այնքան ուռճացվել, որ դեռ մի բան էլ իրեն իրավունք վերապահի պետության ու հարկատուների վզին հանգիստ տեղավորվելու համար: Ի դեպ, եթե խոսքը կամավորներին մեկ տանիքի տակ հավաքելուն է վերաբերում, ապա ապրիլ յան պատերազմի օրերին բոլորս տեսանք ու համոզվեցինք, որ առանց այդ միության օգնության ու օժանդակության էլ բոլորը՝ մեծից մինչև փոքր, պատրաստ էին իրենց զինվորի կողքին ու մեջքին կանգնել: Կարճ ասած՝ երկրի համար օրհասական պահին բոլորն էլ դառնում են երկրապահ կամավորականներ ու, առանց ինչ–որ մեկի հորդորի, սեփական կամքով են նետվում հայոց բանակին օգնելու: 

Այս ֆոնին, 90–ականների պատերազմական տարիներին այլ պահանջով ծնված կամավորականների միությունը պետք է որ վաղուց իր առաքելությունն ավարտած համարեր, քանի որ Հայաստանի Հանրապետությունն այլևս կամավորականությունից վաղուց անցում է կատարել ու ձևավորել է կանոնավոր բանակ, իր համապատասխան պետական գերատեսչությամբ, որն, ըստ էության, մասնագետների գնահատմամբ, իր մարտունակությամբ առաջինն է կովկասյան տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա պետք է նաև, որ արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ կռված երկրապահ կամավորներն օրենքով սահմանված կարգով վաղուց հաշվառման վերցրած լինեին պաշտպանության նախարարությունում, պետական մակարդակով վաղուց ստացած լինեին հատուկ կարգավիճակ և նրանց անցած ուղին ամփոփած լիներ ոչ թե այս կամ այն հ/կ–ում, այլ պետական կառույցում: Սրանով պետությունը ոչ թե լավություն արած կլիներ իր երկրապահին, այլ նաև ցույց կտար, որ երեկվա երկրապահն այսօր հարգանքի արժանի այն կամավոր զինվորն է, ով ժամանակին պատրաստ է եղել իր կյանքը զոհել հանուն հայրենիքի պաշտպանության: 

 

Դրանով վաղուց փակված կլիներ այն ամոթալի էջը, որով շատերը հայտնվել էին մոռացվածների շարքում: Փակված կլիներ նաև երկրի ազատագրման համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայածներին որպես անցանկալիների՝ այս կամ այն կազմակերպության ղեկավարի կամքով ու կապրիզով «զտելու» ամոթալի էջը:

Եվ, ի վերջո, վաղուց ժամանակն է, որ երկրապահը զատվի ասֆալտի ֆիդայինից, որ բոլորի համար հասկանալի դառնա, թե ով է իր երկրի սպան, պատերազմին մասնակցելով՝ ով ինչով է զբաղվել ու ինչպես է հարստացել: Հարկավոր է պետական մակարդակով բացել փակ էջերը և ցույց տալ հասարակությանը, թե իրականում ով է իրական երկրապահը՝ Ազգային ժողովում նստա՞ծը, թե՞ արդրբեջանական դիպուկահարի գնդակի սպառնալիքի տակ սեփական թոռնիկին դպրոց տանող տատիկը: 

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը նույնպես պետք է տան նոր իշխանությունները և օգնեն, որպեսզի 30 երկար ու ձիգ տարիներ իրականությունը դեֆորմացրած անձանց կառուցած ստի «ամրոցները» քանդվեն ու դրանց տեղը ճշմարտությունն ամփոփող «դղյակներ» կառուցվեն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին