Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին վերաբերող 2 միջնորդություն ներկայացրեց ԱԺ-ին

19 Հունիս, 2018 11:50
Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին վերաբերող 2 միջնորդություն ներկայացրեց ԱԺ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերաբերող երկու միջնորդություն ներկայացրեց ԱԺ-ին: 

«Մանվել Գրիգորյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կողմից հրազեն, ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրգործ:  Հաշվի առնելով քրգործի բարդությունը, մեծածավալ քննչական գորրծողությունների անհրաժեշտությունը, ԱԱԾ քննչկան վարչությանը եւ ՀՔԾ-ին իմ կողմից հանձնարարական է տրվել խմբով իրականացնել նախաքննությունը:

Հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով:

Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մ. Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են 26 նռնակներ, 19 հակատանկային ականանետ, տրոիլային 18 պայթաղյուս, այլ ռազմամթերք:

Դատախազի խոսքով, բացի այդ, Արշալույսի գյուղի Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվել է Ֆ1 տեսակի 20 նռնակ, 18 ՊԳ7 տեսակի հակատանկային ականանետ, 13 ՊԳ7 հակատանկային ականանետերի պայթուցիչ, շուրջ 15 հազարից ավելի տարբեր տեսակի փամփուշտներ եւ այլն: Մանվել Գրիգորյանին պատկանող այլ շինություններում եւս մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել:

Խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:

Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի եւ Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ»,  «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաեւ խորհրդային արտադրության՝ նաեւ կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարաված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր: Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղեկրի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է: Շուրջ երեսուն րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն ունի Մանվել Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով՝ փաստերով որ նա հընթացս միջոցներ է ձեռնարկել դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ:

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաև զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Գրիգորյանը հատկացված այս գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:

Բացի նշվածից, ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մանվել Գրիգորյանի փաստացի տիրապետման տակ գտնվող ԲԲԸ-ի տարածքում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018թ. հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը խուզարկություն է կատարվել նշված ընկերությանը պատկանող շինությունում, որի ընթացքում ատրճանակից և դանակից զատ հայտնաբերվել է 36.884.370 ՀՀ դրամ, երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, զինվորական հանդերձանք և դրա տարբեր պարագաներ, արկղերով և պարկելով սննդամթերք: Նշված արկղերի և պարկերի վրա առկա են եղել «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներ:

Պարզվել է, որ այդ ընկերության տնօրնեը Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արա Գրիգորյանը:

2018թ. հունիսի 17-ին նշված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որից հետո այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել է Մանվել Գրիգորյանի և մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ԵԿՄ ղեկավար անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի կողմից, կազմակերպության կարիքների համար ՀՀ ՊՆ, ինչպես նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առանձին քաղաքացիների և կազմակերպությունների կողմից տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային և այլ ապրանքների յուրացման հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 2018թ. հունիսի 17-ին որոշում է կայացվել յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  հարուցել քրեական գործ: Նույն օրը նշված քրեական գործը ևս միացվել է Մանվել Գրիգորյանի և մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և  իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանը, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածնի բնակիչներ Սեյրան Ղազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի իրեն պատկանող առանձնատներում ևս ապօրինի կերպով պահել է ռազմամթերք և հրազեն, նռնականետ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկություններով:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, քաղաքացիներից և կազմակերպություններից ստանալով հավաքագրված և իր՝ որպես ԵԿՄ նախագահի վստահությանը հանձնված՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած անձանց կարիքները հոգալու համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի արժեքով պարենային, տնտեսական ապրանքներ և հանդերձանք, որը ըստ նշանակության հասցեատերերին տալու փոխարեն, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ հանցակցությամբ յուրացրել է: Մասնավորապես, դրանք պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող իրեն պատկանող շինություններում, Էջմիածին քաղաքի առևտրային գործունեություն ծավալող իր հետ փոխկապակցված «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, օգտագործել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար, այդ թվում՝ սննդամթերքը որպես կեր ծառայեցրել է նշված տարածքներում պահվող վայրի կենդանիների համար: Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու ևև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վերոնշյալ հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը: Առավելևս, որ նման փաստ արձանագրվել է արդեն իսկ:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդեց ՀՀ Ազգային ժողովին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն»:

Երկրորդ միջնորդագիրը վերաբերում էր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն: Արթուր Դավթյանը նշեց, որ անձին կալանավորելու 4 հիմքեր կան՝ դատաքննության չներկայանալու վտանգը, վտանգը, որ նա կխոչընդոտի արդարադատությանը, կկատարի նոր հանցանքներ:

«Այս գործով ապացույցները վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած Մանվել Գրիգորյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված հոդվածներով նախատեսվված է մի դեպքում 2-6 տարի, մյուս դեպքում՝ 5-8 տարի ազատազրկում: Մանվել Գրիգորյանն արդեն իսկ ձեռնարկել է միջոցներ դատավարության մասնակից անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելով նախաքննությանը միջնորդելու ուղղությամբ: Մասնավորապես, պարզվել է, որ խուզարկության ժամանակ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը կապ է հաստատել խուզարկությանը ներկա որդու հետ եւ հանձնարարել, որ Արմեն Հակոբյանը ամեն ինչ վերցնի իր վրա: Վերջինս կատարել է այդ հրահանգը: Դա մեծացնում է Մանվել Գրիգորյանի ազատության մեջ գտնվելու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, անօրինական ազդեցություն գործադրելու գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Միջնորդում եմ համաձայնություն տալ մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն»,-ասաց դատախազը:

 

Լրահոս

Դիտել ավելին