Կարևոր իրադարձություններ

«Մեկի հնարավորությունը մեծ է՝ մեծ է գողանում, մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթ է, դա է գողանում». «Փաստ»

19 Հունիս, 2018 08:06
«Մեկի հնարավորությունը մեծ է՝ մեծ է գողանում, մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթ է, դա է գողանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առայժմ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներից հայտնաբերվածը, որը ցնցել է ողջ հանրությանը, ամենևին էլ բացահայտում չէ «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող, վավերագրող–ռեժիսոր Արշակ Զաքարյանի համար:

Նա այդ մասին իմացել է դեռ 2016 թվականին և նույն տարվա վերջերին հայտարարել է իր կողմից իրականացվող ծրագրի դադարեցման մասին:

«Հայտարարությանս մեջ գրել էի, որ այդ օգնությունների անվան տակ շատ շահադիտական գործարքներ են իրականացվում, և որպեսզի հանկարծ մենք էլ այդ կեղտոտ ալիքի տակ չընկնենք ու չվարկաբեկվենք, դադարեցրեցինք բանակին օգնություն տրամադրելու ծրագիրը: Անձամբ ինձ համար տարբերություն չկա՝ մեկ հեռադիտակ են գողացել, թե մի «կամազ» ուտելիք: Զինվորից մեկ ասեղ գողացողն անգամ նույն մեղքն է կրում, և անկախ նրանից, թե գողացողն ով է, պետք է բացահայտվեն բոլոր՝ ամենափոքրից մինչև ամենամեծ դեպքերը, և բոլորն էլ պետք է պատասխան տան դրա համար»,– ասաց Ա. Զաքարյանը:

Խոսելով երեխաների կողմից ուղարկված նամակների մասին, որոնք Մանվելի տիրապետության տակ ընկնելուց հետո չէին հասել մեր զինվորներին, վավերագրող– ռեժիսորն ասաց, որ ինքը հաճախ է նամակներ տանում զինվորներին և բազմիցս իր աչքերով է տեսել, թե դրանք ինչքան կարևոր են նրանց համար:

«Մենք ունենք վավերագրած, թե ինչպես են զինվորներն ուրախանում այդ նամակները կարդալուց: Անկեղծ եմ ասում՝ այդքան կոնֆետը, ուտելիքը չի նրանց ուրախացնում, որքան նամակները: Եվ այդ քայլը, բնական է, հասարակության համար ամենահուզիչ պահը կարող է լինել: Ես գիտեի, որ ինչ–որ տեղ, ինչ–որ բան լինում է, բայց մեր նման մարդկանց համար, անշուշտ, դժվար է իմանալ, թե դրանք որտեղ են կորչում: Բայց ես գիտեմ, որ բանակից գողացողները ոչ թե 10–20 հոգի են, այլ հազարավոր մարդիկ են: Դա մեզ փոխանցվել է Սովետական Միությունից, այդպես եկել է ու, ցավոք սրտի, գնում է: Բայց այստեղ պայքարը պետք է ոչ թե արարքի, այլ նման երևույթների կամ այլ կերպ ասած, տեսակների միջև լինի: Մարդը պետք է չկարողանա նման բան անել և այդ տեսակն է պետք մեր սերունդների մեջ դաստիարակել»,– ասաց Ա. Զաքարյանը: 

Ինչ վերաբերում է բանակին օգնելուն, նա նշեց, որ շատ կարևոր է, որ ազգը բանակի կողքին լինի, և պետք չէ 1000 դրամների ծրագիրը խառնել որևէ ստահակի կատարածի հետ: 

«Պետք է ստուգվեն, որ բոլոր գումարներն իրենց նպատակին հասնեն, և եթե պարզվի, որ անգամ 1000 դրամի ծրագրից ինչ–որ մեկը մի լումա է պակասեցրել, թող տանեն Մանվել Գրիգորյանի կողքը նստեցնեն: Պետք է մեխանիզմ մշակել, որ հնարավոր չլինի գումարներ գողանալ: Ապրիլ յան պատերազմի ժամանակ խառնաշփոթ իրավիճակ էր, և այդ ժամանակ նման հարցերով զբաղվողներ չկային: Աստված մի արասցե, որ ապրիլ յան պատերազմը կրկնվի, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Սարսափելի է մտածելը, որ ինչ–որ մեկը փորձել է զինվորի սննդով կենդանիների կերակրել: Բայց ես չեմ էլ կարծում, որ այդ օգնությունը հասել է Ստեփանակերտ: Դա Հայաստանից դուրս էլ չի եկել: Եվ պետք է հասկանալ, որ դա մեկ մարդու արած գործ չի ու հետաքննությունը դա կպարզի, բայց փաստը մնում  է փաստ, որ մեր հասարակության մեջ գաղափարական դաստիարակչական աշխատանքներ պետք է տարվեն, քանի որ մեր հասարակությունում լիքն են նման մարդիկ: Եվ ճիշտ են ասում, որ ձու գողացողը ձի էլ կգողանա: Եթե Մանվելի հնարավորությունը մեծ է, մեծ է գողանում, եթե մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթն է, դա է գողանում: Այսինքն, մեկը պայուսակով է գողանում, մյուսը «Կամազով», բայց հոգեբանությունը նույնն է, որը պետք է արմատախիլ անել: Եվ ոչ թե անձերի, այլ երևույթի դեմ է պետք պայքարել»,– ասաց Ա. Զաքարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին