Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ընդդիմությունն այս անգամ հաշվի է առել անցյալի սխալները․ Газета-ի անդրադարձը

18 Հունիս, 2018 19:33
Թուրքիայի ընդդիմությունն այս անգամ հաշվի է առել անցյալի սխալները․ Газета-ի անդրադարձը

Ռուսական Газета պարբերականն անդրադարձել է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ մեկնաբանելով երկրում առկա իրավիճակն ու ընտրություններից հետո հնարավոր զարգացումները։

«Ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, որոնց համար թուրքերը քվեարկել էին 2017-ի ապրիլին։ Թուրքիան խորհրդարանականից կվերածվի նախագահական կառավարման համակարգով երկրի, իսկ երկրի նախագահի լիազորությունները կդառնան գրեթե անսահմանափակ», - գրում է պարբերականը։ 

Այնուամենայնիվ, ընդդիմության հույսը մնում է խորհրդարանը, քանի որ այն սահմանադրական փոփոխություններից հետո էլ որոշակի ճնշման լծակներ կունենա իր ձեռքում, մասնավորապես՝ իմպիչմենտի հայտարարում։ Հենց այս պատճառով է, որ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում նույնպես ձգտում է իր կուսակցության համար ստանալ ձայների մեծամասնությունը։

Ըստ հոդվածի հեղինակի՝ կայանալիք ընտրությունների արդյունքների մասին հստակ կանխատեսումներ դժվար է անել, քանի որ ընդդիմությունն այս անգամ փաստացի հաշվի է առել անցյալի սխալներն ու հանդես է գալիս մեկ միասնական դաշինքով Էրդողանի դեմ։

Թուրքական «Գեզիջի» հետազոտական կենտրոնի տվյալները փաստում են, որ ընտրություններից 10 օր առաջ Էրդողանի վարկանիշն ընկել է 1,6 տոկոսով՝ հասնելով 47,1 տոկոսի։ Սա բավարար չէ ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար։ 

Դրա հետ մեկտեղ բարձրացել է Էրդողանի հիմնական մրցակից, Ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի վարկանիշը, որի համար այս պահին պատրաստ է ձայն տալ ընտրողների 27,8 տոկոսը։ Թեկնածուների վարկանիշային սանդղակում երրորդը «Լավ» կուսակցության հիմնադիր նախագահ Մերալ Աքշեներն է, ում օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 14,1 տոկոսը։ Քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին պատրաստ են ընտրել հարցվածների շուրջ 10 տոկոսը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին