Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: Այս մասին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ FPWC-ի աշխատակիցները հաղորդագրություն էին տարածել, որով պատրաստակամություն էին հայտնել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:
«Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի»,-նշված է հաղորդագրության մեջ: