Կարևոր իրադարձություններ

Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն․ Արփինե Հովհաննիսյան

18 Հունիս, 2018 14:30
Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն․ Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին Արփինե Հովհաննիսյանն ասաց լրագրողների հետ զրույցում: 

«Թեպետ քվեարկությունը գաղտնի է, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ, որ դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ ստանան իրենց պատասխանը»,- նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: 

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: 

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին