Կարևոր իրադարձություններ

Հայաստանը երկար ժամանակ թալանվել է և շարունակում է թալանվել. այս իրավիճակին պետք է վերջ դրվի. վարչապետ

17 Հունիս, 2018 17:07
Հայաստանը երկար ժամանակ թալանվել է և շարունակում է թալանվել. այս իրավիճակին պետք է վերջ դրվի. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարել նշանակում է բազմաթիվ ազդեցիկ, փողատեր, լծակներ, զենք ու զինված խմբեր ունեցող մարդկանց հանել մեր դեմ: Այս գործընթացում շատերն են մեզ ուզում հասկացնել, որ այդքան ազդեցիկ մարդկանց մեր դեմ հանելը սխալ ճանապարհ է, ավելի լավ է գտնել կոմպրոմիսներ, հարմարվել, ինչ-որ բաներ չնկատել, որպեսզի ամեն ինչ «լավ լինի բոլորի համար»: Ես ուզում եմ շատ հստակ մի բան ասել՝ ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիսի գնալ, որովհետև համարում եմ, որ ժողովուրդն ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը: Ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես և իմ թիմը ժողովրդի օգնությամբ կոռուպցիան արմատախիլ անենք Հայաստանից»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով, երբ ինքն ասել է, թե օրենքի առջև բոլորն են հավասար՝ ընդհուպ իր ընտանիքի անդամները, ոմանց թվացել է, թե ինքը քաղաքական հայտարարություն է անում՝ քաղական հայտարարություն արած լինելու համար:

«Ուզում եմ հավաստիացնել, որ ես շատ ուշադիր եմ իմ հայտարարություններում և ինչ ասում եմ՝ ասում եմ ամենանայն լրջությամբ: Հայաստանը երկար ժամանակ թալանվել է և շարունակում է թալանվել: Այս իրավիճակին պետք է վերջ դրվի հնարավորինս արագ: Հայաստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր: Մենք պետք է կարողանանք մեր երկրի ներուժն ինչպես հարկն է օգտագործել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ հավելեց, որ քանի դեռ ժողովուրդն իրենց աջակցում է, իրենք առանց կոմպրոմիսների գնալու ենք առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին