Կարևոր իրադարձություններ

Վատ վերաբերմունքը համատարած է. ի՞նչ փոխվեց պետհամալսարանում. «Փաստ»

16 Հունիս, 2018 09:17
Վատ վերաբերմունքը համատարած է. ի՞նչ փոխվեց պետհամալսարանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի պետական համալսարանը հրահանգչական նամակ է հրապարակել, որը վերաբերում է դեկանատների աշխատողների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող կոպիտ և անբարյացակամ վերաբերմունքին: Այն ստորագրվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից: Նամակում նշվել է, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են նման դիմում-բողոքները: 

 

«Այդ կապակցությամբ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է, որ նման դեպքերի մասին հաղորդումները (տեղեկությունները) ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, և դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատելը: Միաժամանակ հորդորում ենք ուսման վարձավճարը չվճարած ուսանողներին վճարման մասին ծանուցել անհատապես (առանձին), առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության»,- նշված է նամակում: 

Նամակի մեջ նշված մի քանի հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից: Մասնավորապես` քանի՞ բողոք են ստացել, ի՞նչ բնույթի են, եղե՞լ են արդյոք աշխատանքից ազատված կամ կարգապահական տույժի ենթարկված դասախոսներ: 

«Հունվարից այս կողմ չկա մի դեպք, որ վատ վերաբերմունքի պատճառով ինչ-որ վարչական աշխատակից կամ դասախոս հեռացվի համալսարանից: Նամակի նպատակն ուղղակի այն է, որ ուշադիր լինեն, ուսանողներին չվիրավորեն, ավելի բարեհամբույր լինեն: Ինչ-որ կոնկրետ դեպք չի եղել, որ, օրինակ, սկանդալ լինի: Ուղղակի գիտենք, որ նման բաներ լինում են»,«Փաստ»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակը: 

Գևորգ Էմին-Տերյանը հայտնեց, որ գրավոր դիմում-բողոք չկա, կան բանավոր դժգոհություններ. ««ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էր բարձրաձայնել այդ խնդրի մասին: Բացի նրանից, այլ դժգոհություններ ևս կային»:

Իսկ Դավիթ Պետրոսյանի համար ԵՊՀ արձագանքը ողջունելի է:

«Ռեկտորատի յուրաքանչյուր արձագանք, որը վերաբերում է ուսանողական բողոքին, դրական է ու ողջունելի: Հուսով ենք, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: Եթե ինչ-որ մեկի գործունեությունը հայտարարված հրահանգի կոչին ու սկզբունքներին չհամապատասխանի, հուսով ենք, որ հայտարարությունից զատ նաև քայլեր կձեռնարկեն, որ հռչակված խոսքերը նաև որպես գործողություն ունենանք»,-մեզ հետ զրույցում ասաց Դ. Պետրոսյանը: 

 

Նա նշեց, որ դեռ հեղափոխությունից առաջ էին խոսել մի քանի դեպքերի մասին. «Բայց խնդիրը համատարած է շատ ֆակուլտետներում: Ճնշումները տարբեր տեսակի են: Անպայման չէ` ինչ-որ գործողության արգելում ենթադրեն: Հասարակ վերաբերմունքի մասին է խոսքը, որին ուսանողն արժանանում է դեկանատ մտնելուց: Մեր օրինակը բերեմ: Տարկետման ցույցերի ժամանակ ոչ թե ասում էին մի՛ մասնակցեք, այլ ուղղակի ասում էին` «բանակի դեմ ինչո՞ւ եք պայքարում»: Այսինքն` հարցադրումն այնպես էր արվում, որ ուսանողի գործունեությունը խոչընդոտվի: Միևնույն ժամանակ խեղաթյուրվում էր նաև պայքարի պահանջի գաղափարը, որովհետև այն ոչ թե բանակի դեմ, այլ կրթության համար էր, ինչը պետք է օգներ, որ հենց բանակը կատարելագործվի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին