Կարևոր իրադարձություններ

Արդեն տնտեսում են, այն էլ՝ 1,3 միլիարդ դրամի. «Փաստ»

16 Հունիս, 2018 09:45
Արդեն տնտեսում են, այն էլ՝ 1,3 միլիարդ դրամի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի գնման մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 1,3 միլիարդ դրամի տնտեսում: Առաջին հայացքից և՛ զարմանալի է, և՛ ուրախալի: Բայց հաշվի առնելով տարբեր տարիներին ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ճանապարհների վերանորոգման ընթացքում գումարների մեծ մասը նպատակին չի ծառայում, ավելի շատ զարմանում ենք: Մնում է հուսալ, որ այդ գումարն իսկապես առաջացել է տնտեսումից, և այն ծրագիրը, որից այն ավելացել է, արվել է ամբողջությամբ, ոչ թե՝ կիսատ–պռատ:

 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակված նախագծում ասված է, որ այդ գումարն ամբողջությամբ պետք է ուղղել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք այլ օբյեկտների շինարարական աշխատանքներին: Ըստ նախագծի՝ ավելացված գումարով նախատեսվում է վերանորոգել Մ–1, Մ–11, Մ–16, Մ–4 և Մ–6 ճանապարհահատվածները:

Ըստ այդմ, կկատարվի Երևան–Աշտարակ– Գյումրի–Վրաստանի սահմանի առանձին հատվածների անցանելիության ապահովում, որտեղ փոսայնությունը կազմում է 8–10%, պահանջվող 2,5 %–ի փոխարեն: Կառավարության որոշման համաձայն, 2,5%–ից ավել փոսայնության առկայության դեպքում ճանապարհահատվածը պետք է ընդգրկվի հիմնանորոգման ծրագրում: Եվ հաշվի առնելով, որ նշված հատվածը ընդգրկված է Հյուսիս– հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրում, խոշոր ֆինանսական ներդրումների նպատակահարմարություն չկա: Առաջարկվող գումարով հնարավոր կլինի ժամանակավորապես ապահովել նշված ճանապարհահատվածի անվտանգ երթևեկությունը:

Մարտունի–Վարդենիս–ԼՂՀ սահմանի հատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Ճանապարհահատվածը կառուցվել է դեռևս Խորհրդային ժամանակներում և միջին լայնությունը կազմում է վեց մետր: Այս հատվածը անհրաժեշտ է հիմնանորոգել և անվտանգության նկատառումներից ելնելով՝ կատարել համապատասխան լայնացումներ՝ համապատասխանեցնելու դեպի Արցախ տանող 7,1 մետր լայնությամբ Սոթք–Քարվաճառ նոր հիմնանորոգված ավտոճանապարհին: Նախագիծն արդեն առկա է, և կհիմնանորոգվի 5 կմ ճանապարհահատված:

Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի առանձին հատվածների հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել 2018–2019թթ., որի նախահաշվային արժեքը կազմել էր մոտ 2,2 միլիարդ դրամ: Այս ճանապարհի վերանորոգման համար 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 470 միլիոն 943 հազար 940 դրամ: Մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր 1 միլիարդ 298 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով 2 տարվա ծրագրի համար: Առկա տնտեսված միջոցներով հնարավոր է ծրագիրը իրականացնել ամբողջությամբ հենց այս տարի՝ համապատասխան վերաբաշխում կատարելով 2018թ. պետական բյուջեում և տրամադրելով 430 միլիոն 188 հազար դրամ: Այստեղ ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 6,1 կմ ճանապարհ:

 

Իսկ մնացած աշխատանքներն առավելապես ուղղված կլինեն անցանելիության ապահովմանը: Միաժամանակ նկատի ունենալով ժամանակի սղությունը՝ պայմանավորված շինարարական աշխատանքների սեզոնայնությամբ, նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 20–րդ հոդվածի 4–րդ կետի համաձայն, այն է՝ հրատապ բաց մրցույթով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին