Կարևոր իրադարձություններ

«ԽԾԲ–ական կապերի տեսանկյունից առաջընթաց չկա». «Փաստ»

16 Հունիս, 2018 08:59
«ԽԾԲ–ական կապերի տեսանկյունից առաջընթաց չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով կառավարության կողմից իրականացվող գործողություններին ակտիվ հետևելուց բացի, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում ակտիվ արձագանքում է նոր իշխանության գործողություններին և ամենասուր քննադատներից է, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ այն բացահայտումները, որոնք կան, շատ լավ է, բայց չափազանց կարևոր է, որ հակակոռուպցիոն գործողությունները երբևէ չսահմանափակվեն միայն բյուջեին հասցված վնասները բացահայտելով:

 

«Կոռուպցիան միայն բյուջեին չի առնչվում: ԽԾԲ–ն էլ է կոռուպցիա, շահերի բախումն էլ է կոռուպցիա, ապօրինի հարստացումն էլ է կոռուպցիա: Եվ առ այսօր մենք չունենք ապօրինի հարստացման փաստով որևէ քրեական գործ: Թերևս սա նշանակում է, որ այդ ուղղությամբ դեռևս իրավապահ մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացնում»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Նրա կարծիքով, այս կամ այն պաշտոնյայի կամ նրա ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ որևէ աղմկահարույց դեպքի մասին հրապարակումներն ամենևին էլ իմիտացիոն բնույթ չեն կրում, բայց կարող ենք ասել, որ կան կոռուպցիոն ուղղություններ, որոնք առայժմ չեն հետաքննվում: 

Ի դեպ, եթե հարցը ԽԾԲ–ական կապերի տեսանկյունից դիտարկենք, ապա գրեթե նույն պատկերն ունենք, ինչ ունեինք նախորդ իշխանությունների ժամանակ: Այս հարցում միանշանակ առաջընթաց չկա, քանի որ նախորդ իշխանությունների՝ քավոր–սանիկ, եղբոր բաջանաղի աներ սխեմաներին նույն փիլիսոփայություն ունեցող այլ խմբի անձինք են փոխարինել: 

«Ես չեմ կիսում այն տեսակետը, որ դա շատ վնասակար է, որովհետև տվյալ դեպքում մենք գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, որը խնդիր ունի երկիրը որոշ արատավոր բարքերից ազատելու, որն էլ իրենք անում են: Եվ, ըստ էության, կարևորն այն կազմն է, որը կլինի արտահերթ ընտրություններից հետո, և այդ ժամանակ ես, որպես քաղաքացի, մտադիր չեմ ԽԾԲ–ներ հանդուրժել: Բայց այժմ, եթե անհրաժեշտ է, որ իրենք իրենց վստահելի ծանոթներին նշանակեն պաշտոնների, որպեսզի այնտեղ կոռուպցիան վերացվի, ապա ես դա համարում եմ ընդունելի: Ինչ վերաբերում է ապօրինի հարստացմանը, ապա դրա հետ կապված նախորդ կառավարության մեջ կային պաշտոնյաներ, որոնք ակնհայտ ապօրինի հարստացել են: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ ուղղությամբ ևս քննություն իրականացվի, և նման դեպքերը ևս բացահայտվեն»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Ըստ նրա, միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիոն սխեմաները բացահայտելուց հետո, դրանք մանրակրկիտ ուսումնասիրելու համար մոտ 1,5 տարի ժամանակ է անհրաժեշտ: Ինչ վերաբերում է, թե ՀԿ–ներն արդյո՞ք շարունակում են ուշադրության կենտրոնում պահել, թե օրինակ՝ այս կամ այն ցանցային բիզնեսում կոռուպցիոն դրսևորումների հետևանքները վերացված են, թե ոչ, Դ. Իոաննիսյանը նշեց, որ ՀԿ–ների դերը այլ է:

 

«Հասարակական կազմակերպությունների գործառույթը բնավ էլ իրավապահ համակարգի դերը ստանձնելը չէ: Մենք վերահսկում ենք, թե իրավապահ համակարգն ինչպես է աշխատում, բայց մենք ինքներս չպետք է դառնանք իրավապահ ու հսկենք, թե ով ինչքան հարկ վճարեց»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Նրա խոսքով, բացահայտված գործերի շրջանակներում շատ կարևոր է նաև հասկանալ, թե այս կամ այն գործով բացահայտումներից հետո ովքեր են այն անձինք, ում միջոցով վնաս է հասցվել պետական բյուջեին և հարկավոր է ճշգրիտ հաշվարկել նաև վնասի չափը: 

Խոսելով բիզնեսի շահերը պաշտպանելու համար բիզնես–օմբուդսմենի ինստիտուտ ձևավորելու անհրաժեշտության մասին՝ նա նշեց, որ չգիտի, թե նոր կառավարության ծրագրում նախատեսվա՞ծ է նման կառույց ձևավորել, թե՞ ոչ: Բայց իր կարծիքով, լավ կլինի, որ Հայաստանում, այնուամենայնիվ, բիզնես–օմբուդսմենի ինստիտուտ լինի:

«Այս պահին հարկային տեռորի ականատես չենք լինում, բայց տարիներ առաջ տեսել ենք, չէ՞, նման բաներ: Ու թեև հիմա Հայաստանի համար նման ինստիտուտ ձևավորելը այդքան էլ հրատապ չէ, բայց պետք է: Դա բավականին կօգնի, որ երկրում ներդրումներ լինեն, և ցանկացած ներդրող վստահ կլինի, որ եթե իրեն հետապնդեն, ինքը բացի դատարանից, այլ պաշտպանության մեխանիզմից նույնպես կարող է օգտվել»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին