Կարևոր իրադարձություններ

Չարաշահումներ ու կեղծիքներ են բացահայտվել 16 դպրոցում, 4 մանկապարտեզում, 2 բուհում. դատախազություն

14 Հունիս, 2018 15:05
Չարաշահումներ ու կեղծիքներ են բացահայտվել 16 դպրոցում, 4 մանկապարտեզում, 2 բուհում. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու եւ այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ:

Դատախազությունից հայտնում են, որ դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից 2-ով քրեական հետապնդում է հարուցվել 4 մանկապարտեզի, 4 գործով՝ 4 դպրոցի տնօրենների նկատմամբ:

Ընդհանուր 22 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 33.227.700 ՀՀ դրամ, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.123.000 ՀՀ դրամը:

Վերոնշյալ քրեական գործերի գերակշիռ մասը քննվում են տարիֆիկացիոն ցուցակներում ավել աշակերտներ ներկայացնելու եւ ստացված հավելյալ գումարները յուրացնելու, կրթական հաստատությունում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց աշխատավարձերը յուրացնելու կամ վատնելու, կրթական հաստատության սաների հասանելիք սննդամթերքին հատկացվող գումարները հափշտակելու, կրթական հաստատության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների, կատարվող շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ակնհայտ բարձր գներ սահմանելու եւ արդյունքում դրա որոշակի մասը կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակելու, կեղծ ավարտական վկայականներ տրամադրելու, դրամահավաքության եւ այլ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին