Կարևոր իրադարձություններ

Նախ հարկավոր է աշխատատեղեր բացել, հետո մտածել բարեգործությունը «կանոնակարգելու» մասին. «Փաստ»

14 Հունիս, 2018 09:02
Նախ հարկավոր է աշխատատեղեր բացել, հետո մտածել բարեգործությունը «կանոնակարգելու» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, որը պետք է քննարկման դրվի ԱԺ առաջիկա արտահերթ նիստում, բուռն քննարկման առիթ դարձավ: Քննարկման ժամանակ պատգամավորները տեսակետ են հնչեցրել, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը պաշտոնապես 33 %, իսկ տնտեսագիտական տարբեր վերլուծությունների արդյունքում հաշվարկվում է մինչ 45%: Ստացվում է, որ փորձ է արվում սահմանափակումներ մտցնել բարեգործական կազմակերպությունների գործունեության մեջ՝ վտանգելով նաև այս մարդկանց ապրուստի հարցը:

 

Հիշեցնենք, որ օրենքը ստորագրվել էր նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, պաշտոնին հրաժեշտ տալուց մեկ օր առաջ՝ ապրիլի 16-ին, սակայն հետաքրքիր է, որ այդ փաստը չշրջանցվեց այս կառավարության կողմից և որոշում կայացվեց, որպեսզի շուտով այն հանձնվի պատգամավորների «դատին»

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու մասին՝ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ակնհայտ ժամանակավրեպ է այդ նախագիծը, և իր խոսքով՝ վատ նպատակ է հետապնդում: «Մեր երկիրը բազմաթիվ կնճռոտ խնդիրներ ունի, և մի քիչ ծիծաղելի է, մի քիչ էլ զարմանալի, որ կառավարությունն իր առաջին գործը տեսնում է բարեգործության, այսպես ասած, «կարգավորման» մեջ: Ավելին, պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը պետք է որոշի, թե իրականացվածը բարեգործությո՞ւն է, թե՝ ոչ: Փաստորեն, օրենքի նախագիծն ունի խոցելի շատ տեղեր, որը բավականին անհարմարություն և զայրույթ առաջացրեց բոլոր քաղաքական ուժերի մոտ»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Պատգամավորի դիտարկմամբ, այն խոցելի խմբերը՝ պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքներ, ազատամարտիկներ, ուսանողներ, գործազուրկներ և հասարակության այլ շերտերի ներկայացուցիչներ, որոնք տասնամյակներ շարունակ օգնությունով ու բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ են կարողացել իրենց գոյությունը պաշտպանել, նման օրենք ընդունելու պարագայում կարող են ավելի վատ իրավիճակում հայտնվել:

«Մենք, նման նախաձեռնությունները բազմակողմանիորեն ողջունելու փոխարեն, գնում ենք այլ ճանապարհով և լրացուցիչ դժվարություններ ենք ստեղծում նման խավերի համար: Եվ այստեղ հարցը ոչ թե մեր դաշինքի «կողմ» կամ «դեմ» լինելն է, այլ ողջ հասարակությունը այդ հարցին շատ վատ կվերաբերվի: Նման քայլեր անելու փոխարեն հարկավոր է առաջացած խնդիրները փնտրել, դրանց լուծման սպառիչ և առավել արդյունավետ լուծումները գտնել, ինպես «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն իրականացրել է իր ամբողջ քաղաքական դաշտում գտնվելու ժամանակ»,- ասաց Վ. Բոստանջյանը:

 

Նա տիեզերական ճշմարտություն համարեց նաև այն տեսակետը, համաձայն որի հարկավոր է ոչ թե մարդկանց ձկով կերակրել, այլ ձուկ բռնել սովորեցնել, բայց ներկա իրավիճակում, երբ երկիրը ակամայից հայտնվել է ծանր վիճակում և քանի որ երկրում աղքատության տոկոսն այդքան բարձր է, ուստի նախ հարկավոր է աշխատատեղերի հարցերը կարգավորել, ապա նոր միայն մտածել նման օրենքներ ունենալու մասին:

«Խոշոր հաշվով հարկավոր է աշխատատեղեր ստեղծել, մարդկանց եկամուտները բարձրացնել, կենսաթոշակային ապահովվածության հարցերը կարգավորել, բայց քանի դեռ այնպես է ստացվել, որ այդ ամեն ինչը մեզ համար ժամանակավրեպ է, ուստի եղած իրավիճակն ավելի չբարդացնելու համար հարկավոր է այլ հարցերի վրա ուշադրություն դարձնել, քանի որ բոլորս գիտենք, որ բարեգործությունը բոլոր ժամանակներում էլ բավականին հարցեր է լուծում»,ասաց պարգամավորը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին