Կարևոր իրադարձություններ

Հակոբ Հակոբյանը մարտունեցիների մասին հարցերին չի պատասխանում. «Փաստ»

13 Հունիս, 2018 09:16
Հակոբ Հակոբյանը մարտունեցիների մասին հարցերին չի պատասխանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը լայն հասարակությանն ավելի հայտնի դարձավ, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ կարագի, մսի գների աննախադեպ աճի ժամանակ ասել էր, որ թանկացումներն ավելի շատ հարուստների գրպանին են հարվածում, իսկ աղքատները դրանից առանձնապես չեն տուժի, քանի որ հացն ու կարտոֆիլը չի թանկացել: Այդ, այսպես ասած, դարակազմիկ միտքը կայծակնային կերպով դարձավ թոփ թեմա և երկար ժամանակ չէր դադարում քննարկման առարկա լինել: Իսկ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ մարտի 1–ին և 8–ին ԱԺ–ում վճռվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը, երկու անգամ էլ Հակոբ Հակոբյանը «դեմ» է քվեարկել: Ի դեպ, առաջին քվեարկությունից հետո վարդենիկցիները փակել էին Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող ՀԷԿ–ի ջուրը և պահանջում էին, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված վարչապետի օգտին քվեարկի: 

Հիմա արդեն, նրա քվեի հարցի կարևորությունն այդքան էլ ակտուալ չէ, ՀԷԿ–ի ջուրն էլ բաց է, բայց հետաքրքիր է, որ նրա մարտավարությունը բավականին փոխվել է: Նա կառավարության ներկայացրած ծրագրին «կողմ» է քվեարկել:

«Փաստը» փորձեց պարզել, թե այդ առաջընթացն արդյո՞ք մարտունեցիներին տված խոստումը կատարելու փաստով էր պայմանավորված, թե՞ արժեհամակարգային այլ փոփոխություն է տեղի ունեցել, այդ պատճառով է ՀՀԿ–ական պատգամավորը նման շրջադարձային որոշում կայացրել: Հակոբ Հակոբյանը, սակայն, «Փաստի» հարցին, թե՝ իր և վարդենիկցիների միջև լարված հարաբերությունները մեղմվե՞լ են, ասաց. 

«Այդ հարցն ինձ չի ուղղված: Այդ խնդիրը իմ հետ չէր, որովհետև ես այդտեղ սեփականատեր չեմ: Ես որպես պատգամավոր էի այնտեղ գնացել»:

Իսկ որպես պատգամավոր Վարդենիկ գնալուց հետո ինչպե՞ս կգնահատի իրավիճակը, այս պահին կարո՞ղ ենք ասել, որ այն օրերին բարձրացված հարցերն արդեն լուծվել են:

«Ես քո հարցերին չեմ պատասխանի»,– ասաց պատգամավորն ու անջատեց հեռախոսը:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ողջ համացանցը ողողած տեսանյութում, որտեղ հստակ էր, թե ինչպես է նա հևիհև հասել Վարդենիկ, ինչու հանկարծ մոռացության մատնվեց և ինչու հիմա հանկած ոտքի վրա հրաժարվեց իր սեփականությունից: 

Ո՞վ գիտի, գուցե այս ընթացքում նա հասցրել է իր ունեցվածքն անվանափոխե՞լ, կամ ի սկզբանե ուրիշի անունո՞վ է գրանցած եղել, իսկ հիմա էլ հայտարարում է, թե ՀԷԿ–ն իրենը չէ, ինքն էլ մարտունեցիների հարցերը այլևս իրենը չի համարում, այդ պատճառով էլ չի պատասխանում:

Այս ամենով հանդերձ, կարող ենք փաստել, որ կարծես թե Հակոբ Հակոբյանին պատկանող բիզնեսների գործերն էլ են խառը, հակառակ դեպքում նա նախկին տոնով կսկսեր համոզել, որ աղքատ լինելը ավելի առողջարար է, քան հարուստ լինելը, քանի որ աղքատները հացից ու կարտոֆիլից բացի այլ՝ «վտանգավոր»՝ ասենք ապխտած կոկորդիլոս չեն կարող ուտել, ուստի դրանից բխող բոլոր հետևանքներից ապահովագրված են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին