Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Թո­ղնենք աշ­խա­տե՞ք, թե մեկ–մեկ «բզենք». «Փաստ»

13 Հունիս, 2018 08:31
Թո­ղնենք աշ­խա­տե՞ք, թե մեկ–մեկ «բզենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճը մի քանի ենթաշերտ ունի: Արտաքուստ, իհարկե, նման բանավեճերը վատ բան չեն, ավելին՝ կարելի է և ժողովրդավարության վկայություն համարել: Առավել ևս, որ նախորդ իշխանությունները կառավարության նիստերը փակ դարձրեցին, որպեսզի կառավարության անդամները քննարկումների ժամանակ առավել անկաշկանդ լինեն: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա նույնիսկ ափսոսում է, որ շտապեց ու վերոնշյալ որոշումը չեղյալ հայտարարեց՝ մոռանալով, որ միայնության մեջ ուղիղ եթեր մտնելն ու հավանական քննարկումներով նիստերը ուղիղ եթերով հեռարձակելը տարբեր բաներ են: 

Սակայն ափսոսալը մի բան է, իրականությունը՝ մի բան, ու այդ իրականությունը ավելի ճիշտ է, քանզի հասարակության հետ բաց աշխատելու գործելաոճը միանշանակ անհրաժեշտություն է: Սակայն ժողովրդավարության վկայություն դառնալուն այդ վարչապետ–նախարար բանավեճին խանգարեցին մի քանի գործոններ:

Առաջինը վարչապետի դյուրագրգռությունն է, որը բավական տևական ժամանակ չէր զգացվում առանձնապես, չնայած Փաշինյանին ճանաչողները գիտեն, որ նրա համար սարսափելի դժվար է դուրս չգալ հավասարակշռությունից: Դրա համար կամ կամքի շատ մեծ ուժ է պետք, ինչը երևի թե նա ունի, կամ էլ որոշակի մասնագետների հետ հետևողական աշխատանք: Այս անգամ չստացվեց: Բայց խնդիրը նույնիսկ այն չէ, որ նա չկարողացավ տիրապետել իրեն ու պարբերաբար խոսքի կեսից ընդհատում էր: Խնդիրն առաջին հերթին այն ձևակերպումներն են, որ տրվեցին Փաշինյանի կողմից և որ էապես բնորոշում են նրա մտածելակերպը: Նախ՝ նա փաստացի կրկնեց հայտնի մոտեցումը, թե ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Այս մոտեցումը դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի և իր թիմի ձախողման պատճառներից մեկը, այս մոտեցումը դարձավ նաև ՀՀԿ–ի ձախողման պատճառներից մեկը: Իհարկե, այս դեպքում ձևակերպումը մի փոքր այլ է՝ ով մեզ հետ համաձայն չէ, ուրեմն մեզ հետ չէ: Եթե անկեղծ, ապա սա անհամեմատ ավելի վտանգավոր է, որովհետև եթե վերոնշյալ մոտեցումը նախորդների դեպքում սսահմանափակում էր թիմայնությունը, ապա այս դեպքում Փաշինյանը իսպառ բացառում է այլակարծությունը թիմի ներսում, իսկ սա ժողովրդավարության բացահայտ անտեսում է: Ժամանակին ՀՀԿ–ին ու այլ կուսակցությունների մեղադրել են, որ ներկուսակցական ժողովրդավարություն չկա: Հիմա մենք ականատեսն ենք նույն վիճակի:

Որպես այս մոտեցման շարունակություն՝ հնչեց Փաշինյանի մեկ այլ ձևակերպում՝ որոշումները կառավարության նիստում պետք է ընդունվեն միաձայն: Այդ դեպքում ինչի՞ համար է օրենքի դրույթը, ըստ որի կառավարության որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, կամ ինչի՞ համար են կառավարության նիստերն ընդհանրապես: Կարելի է փոխել օրենքը և բոլոր տեղերում, ուր գրված է «կառավարության որոշում», փոխարինել «վարչապետի որոշում» բառերով: Հասկանալի է, որ նման դիրքորոշման համար առկա է մտավախություն, որ առանձին նախարարներ, հատկապես ոչ ՔՊ–ական, կարող են որոշ դեպքերում «սպիտակ ագռավ» երևալ, ինչի ակնարկներն, ի դեպ, հնչեցին նույն նիստի ժամանակ: Առավել ևս, ՀՅԴ–ական նախարարի (նախարարների) պարագայում, անշուշտ, դա չի բացառվում: Սակայն դա չի նշանակում, որ կառավարության անդամներն ընդամենը ֆիզիկական ներկայություն ապահովողներ պիտի լինեն ու որևէ պարագայում դեմ չքվեարկեն: Այս պարագայում, որպես նման մոտեցման արդարացում, խոսել թիմայնության մասին, արդարացված չէ, քանզի հենց նույն թիմի ներսում տարակարծությունների ու ընդդիմախոսության բացակայությունը հանգեցնելու է խոր լճացման ներիշխանական համակարգում: Այդպես միաձայն քվեարկում էին ԽՍՀՄ բոլոր մարմիններում: Եթե մեր խնդիրը այդպիսի համակարգի վերադարձն է, ապա կարող է այնպես ստացվել, որ ՀՀԿ–ն ավելի ժողովրդավար էր, ինչը պատկերացնելն անգամ ֆանտազիայի ժանրից է: Ուրեմն, նոր իշխանությունները պիտի կարողանան խուսափել այսպիսի մոտեցումներից: Մենք շատ ավելի համամիտ ենք նույն ՔՊ–ական, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի հետ, ով անընդունելի է համարում «թողեք աշխատեն» խոսքը: Նրա համոզմամբ, «երբ թողնում ես, որ աշխատեն, չեն աշխատում, պետք է բզես, որ աշխատեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին