Կարևոր իրադարձություններ

Նախարարության օրակարգում առաջնային տեղում է սահմանամերձ այլ համայնքներում քաղպաշտպանության հենակետերի հիմնումը. ԱԻ նախարար

12 Հունիս, 2018 15:25
Նախարարության օրակարգում առաջնային տեղում է սահմանամերձ այլ համայնքներում քաղպաշտպանության հենակետերի հիմնումը. ԱԻ նախարար

Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Լուեզին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքված Համաձայնության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումն ու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հարցերը:

Ողջունելով հյուրերին ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը կարևորեց երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում:

Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կահավորվել են բնակիչների համար նախատեսված ապահով սենյակներ, Տավուշի մարզի սահմանամերձ 10 համայնքներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջին օգնության և միջազգային հումանիտար իրավունքի դասընթացներ է իրականացրել այնտեղ գործող ՀՀ ԱԻՆ քաղպաշտպանության հենակետերի անձնակազմի հետ. այս տարի ծրագրում ընդգրկված են նաև Չորաթան և Դովեղ համայնքները:

Շնորհակալություն հայտնելով պատվիրակության ղեկավար Կ. Լուեզին սերտ և արդյունավետ համագործակցության համար՝ ԱԻ նախարարը վերահաստատեց երկու կառույցների միջև նախկինում կնքված բոլոր պայմանավորվածությունները. «Նախարարության օրակարգում առաջնային տեղում է սահմանամերձ այլ համայնքներում նույնպես քաղպաշտպանության հենակետերի հիմնումը, մեզ համար կենսականորեն կարևոր նշանակություն ունի հումանիտար արձագանքման և քաղաքացիական պաշտպանության համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպումն ու ապահովումը»,- ընդգծեց ԱԻ նախարարը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ նաև համատեղ աշխատանքում կամավորական ջոկատների ներգրավման հնարավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին