Կարևոր իրադարձություններ

Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

11 Հունիս, 2018 17:23
Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 11-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրեն Վերներ Լիպախի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով բանկի ներկայացուցիչներին՝ նախարարն անդրադարձավ ԱԶԲ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին՝ առանձնացնելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը։ Նա ընդգծեց ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը, դրա կենսական նշանակությունը մեր երկրի և տնտեսության համար, շեշտեց, որ ամեն ինչ պետք է արվի այն հնարավորին շուտ ավարտելու համար։

Շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Վերներ Լիպախը նշեց, որ այցի շրջանակներում եղել է Հյուսիս-հարավի շինարարական տեղամասերում և հիմնականում գոհ է աշխատանքների ընթացքից։ Նրա խոսքով՝ կասկածներ չունեն, որ Տրանշ 2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածում, աշխատանքները կավարտվեն ժամանակին և որակով։ Ինչ վերաբերում է Տրանշ 3-ին՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությանը, նա հույս հայտնեց, որ այն կավարտվի նախանշված ժամկետներում։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ պաշտոնյային ներկայացվեցին նաև նախարարության մի շարք այլ առաջնահերթություններ, այդ թվում՝ միասնական տրանսպորտային համակարգի ներդրման հետ կապված մանրամասներ։ Դիտարկվեցին ճանապարհների պահպանման, վտանգների կանխարգելման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Վերներ Լիպախը, ներկայացնելով բանկի դիրքորոշումը հետագա համատեղ աշխատանքների հնարավորությունների շուրջ, նշեց, որ ուրախ կլինեն շարունակելու և զարգացնելու համագործակցությունը, հանդես գալ որպես ռազմավարական գործընկեր ոչ միայն ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման, այլև համապարփակ այլ խնդիրների լուծման համատեքստում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց բանկի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում ավելի հանգամանալից քննարկել ներկա ծրագրերն ու հետագա համագործակցության մանրամասները։

 

Լրահոս

Դիտել ավելին