Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի հայտարարությունը

10 Հունիս, 2018 11:20
Մանվել Գրիգորյանի հայտարարությունը

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից վստահեցնում եմ, որ բոլոր հնարավոր միջոցներով եռասերունդ Երկրապահը սատարելու է պաշտպանության նախարարությանը, նախարարին, մեր պետությանը ազգային, հայրենասիրական ձեռնարկներում։

Դրա վառ օրինակն է Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ եռասերունդ Երկրապահ կամավորականների միության հերթական հայրենասիրական ակցիայով հանդես գալը, երբ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կամավորականության սկզբունքով նվիրատվություններ արեցին երեք սերունդների երկրապահները՝ վարչության անդամներ, տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների կազմերում ընդգրկված երկրապահներ, ավագ սերնդի, երիտասարդ և պատանի երկրապահներ։ Հիմնադրամին մուծումներ արել ենք նաեւ մեր նահատակ մարտական ընկերների, մեր ծնողների փոխարեն:

Արդեն երկրորդ տարին Երկրապահը նման նախաձեռնությամբ հանդես եկավ. հայրենասիրական ակցիան փաստացի դառնում է ամենամյա։ Ես այս ակցիան նախաձեռնեցի և ընտանիքիս հետ առաջին նվիրատվությունն արեցի այն համոզմամբ, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարված կամ նվիրաբերված յուրաքանչյուր լուման ուղղվելու է միմիայն Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով։ Երկրապահները անվերապահ վստահությամբ և հավատով են լեցուն հայ ազգի, մեր բանակի նկատմամբ. չէ՞ որ Երկրապահն է հայոց բանակի ծնողը: Երկրապահ կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի:

Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: Ես միշտ այն համոզման եմ եղել, որ դիրքապահ զինվորը, սպան պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքներն ապահովված են ամեն ինչով, զերծ են էական պրոբլեմներից, կարիքներից, որպեսզի իրենք էլ կարողանան ամբողջությամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը, անձնուրացաբար պաշտպանեն հայրենիքը, պետությունն ու մեր ընտանիքները։

Երկրապահ կամավորականների միության հայրենասիրական այս նախաձեռնությունը թող վարակիչ լինի և օրինակ հանդիսանա բոլորի համար:

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

Զորավար Մանվել Գրիգորյան

 

Լրահոս

Դիտել ավելին