Կարևոր իրադարձություններ

«Պետական ապարատը խիստ ուռճացված է մնում». «Փաստ»

09 Հունիս, 2018 08:53
«Պետական ապարատը խիստ ուռճացված է մնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ խոսվել է պետական ապարատի ուռճացված լինելու մասին: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ` նոր իշխանությունը մասնավորապես հաստիքները կրճատելու ի՞նչ հնարավորություն ունի:

ԽԾԲ նշանակումներ

«Իշխող կուսակցությունը, անկախ անհրաժեշտությունից, ձգտել էր իր կադրերին տեղավորել տարբեր պետական համակարգերում: Բացի այդ, տարբեր նախարարներ և փոխնախարարներ փորձել են իրենց ծանոթներին, մտերիմներին տեղավորել աշխատանքի իրենց կառույցների տարբեր վարչություններում: Ստացվել էր այնպես, որ համակարգը ծանրաբեռնվել էր ու բերել մի վիճակի, երբ աշխատողների մի մասը կարող էր իր աշխատանքը պրոֆեսիոնալ կատարել, մյուս մասն էլ` ուղղակի ձևակերպված էր: Գալիս էին, որ փող ստանային: Միգուցե չեն էլ եկել աշխատանքի, չգիտեմ, բայց եթե եկել են, առանձնապես չեն մասնակցել պրոցեսներին: Մենք շփվել ենք նախարարությունների հետ: Օրինակ` ԿԳՆ–ում, էկոնոմիկայի նախարարությունում տեսել ենք ավելորդ ու մասնագիտորեն թույլ մարդիկ: Հատկապես ԿԳՆ–ի բոլոր վարչություններում գրեթե 8–10 աշխատողի հարաբերակցությամբ 2–3–ը եղել են աշխատող, մնացածն ուղղակի ձևակերպված են եղել: Նրանց գիտելիքները բավարար չեն եղել: Վարչության պետերը տարբեր առիթներով արտահայտվել են նշվածի մասին, բայց քանի որ այդ մարդկանց «վերևներից» են նշանակել, պահել են: Եղել են դեպքեր, երբ պատգամավորներն իրենք են խնդրել իրենց մարդկանց գործի ընդունել: Մեծ հաշվով` ապարատն ուռճացված մնում է:

Չոր դրվածք

Հաջորդ փաստը, որը նոր կառավարությոնը պետք է հաշվի առնի ու չկրկնի նույն սխալները, հետևյալն է: Մեկը սահմանել է, բոլորը նույն իներցիայով են շարժվում: Այսինքն` եթե նախարար է, անպայման պետք է ունենա, ենթադրենք, 3 օգնական, 10 խորհրդական: Ոչ ոք չի ուզում մտածել, որ միգուցե 5 խորհրդականն արդեն պետք չէ: Տեղակալներն էլ ունեն օգնական, խորհրդականներ, քարտուղարներ: Բոլոր նախարարությունների աշխատակազմի ղեկավարներն էլ իրենց քարտուղարներն ու օգնականներն ունեն: Աշխատակազմի ղեկավար նշանակվում է այն դեպքում, երբ աշխատողների թիվն այնքան մեծ է, որ ուղիղ ձևով դու չես կարող իրենց ղեկավարել: Բայց եթե որևէ պաշտոնյա ունի ընդամենը 10 ենթակա աշխատող, բացարձակապես կարիք չկա աշխատակազմի ղեկավար ունենալ, որովհետև 10 հոգու հետ շատ հանգիստ կարելի է աշխատել: Այս մոդելների կիրառությունը կբերի աշխատակազմերի նվազեցմանը և ճկունությանը: Բացի այդ, ուղիղ ձևով աշխատելու դեպքում աշխատողի վատն ու լավը նկատելի է: Դիտարկենք նախարարությունների դրվածքը: Անգամ վարչության պետերն անձամբ նախարարի հետ հանդիպելու հնարավորություն չունեն: Տեղակալներն են զեկուցում, նրանց միջոցով է ինֆորմացիան վերև գնում: Ինչի՞ համար է այդ միջանկյալ օղակը` տեղակալը, ով այդքան ծանրաբեռնվածություն չունի: Կամ վարչության պետերն ինչո՞ւ չեն կարող միանգամից աշխատել նախարարների հետ: Նույն տրամաբանությամբ որ առաջնորդվենք, վարչապետն էլ պետք է միայն իր տեղակալների հետ աշխատի, ինչն այդպես չէ` վարչապետը նախարարների հետ անմիջական աշխատում է: Բայց նախարարություններում չոր դրվածք է, որը տարիներով մնացել է: Կառավարության կազմը մեծ է, աշխատակազմի ղեկավարը կարող է ունենալ քարտուղարներ, օգնականներ, իսկ նախարարություններում ամենևին պարտադիր չէ: Առհասարակ այս փառասիրությունը, բյուրոկրատական ձևը` քարտուղարով, վարորդով, հոգեբանական ենթատեքստ ունի: Շատերն այդպես իրենց անձն են կարևորում: Հանկարծ ուղիղ իրեն զանգեն` կվիրավորվի, պիտի քարտուղարին զանգեն:

Առաջնորդվում ենք խորհրդային մոդելով, որը ճիշտ չէ  

Խորհրդականների ու օգնականների ինստիտուտը վերանայելու կարիք ունի: Նոր ղեկավարների մեջ կառավարման փորձ չունեցողներ կան, թեև մոտիվացված են, ես ողջունում եմ նրանց, բայց ինչպես նախկինում, հիմա էլ կարող է լինել հետևյալ երևույթը. հաճախ օգնականի ու խոհրդականի դերակատարությունները շփոթում են: Երբեմն ինչ–որ մեկին ստատուս տալու համար, որ ավելի լավ հնչի, ասում են` խորհրդական: Բայց խորհրդականը պետք է լինի փորձառու, տարիների փորձառություն ու տվյալ բնագավառի էվոլյուցիոն զարգացումների իմացություն ունենա: Օգնականը կարող է լինել մի անձ, ով կոորդինացնում է, զանգահարում, կազմակերպում է: Երբ նայում եմ, թե մեկ–մեկ ինչ տարիքի ու կրթություն ունեցող անձի են նշանակում որպես խորհրդական, հասկանում եմ, որ նման գիտելիքով ու փորձով խորհուրդ տալ հնարավոր չէ: Խորհրդականների ու օգնականների թվի նվազեցման հնարավորություն ևս տեսնում եմ: Եթե իրենց անձնակազմը լինի քիչ և պրոֆեսիոնալ, շատ խորհրդականի ու օգնականի կարիք չի լինի: Հետո նաև ամեն ինչ կախված է ղեկավարի անձից: Եթե ղեկավարը լինի աշխատասեր, բազմակողմանի գիտելիքներ ունենա, շատ խորհրդականների ու օգնականների կարիք չի լինի: Բայց մարդիկ կան, ովքեր ուզում են քիչ չարչարվել և շատ խորհրդականներով ու օգնականներով են շրջապատում իրենց: Խորհրդականը նշանակվում է ղեկավարի կողմից` շատ լավ տեղ է, որ ապարատն ուռճացնեն: Եթե խորանանք, կտեսնենք, որ յուրաքանչյուր նախարարի մակարադակով առնվազն 3–4 օգնական կա, մի այդքան էլ խորհրդական ունեն: Այսինքն` յուրաքանչյուր նախարարի շուրջ 7–8 հոգի, տեղակալների շուրջն էլ օգնականների ու խորհրդականների նշված թվի կեսի չափ: Կարող է ստացվել, որ այս կամ այն նախարարությունում նախարարը իր 3,4, 5 տեղակալներով, իրենք էլ իրենց օգնական, քարտուղար, վարորդով անցնեն 30–40–ի շեմը, մինչդեռ այդ նախարարությունում կարող է ընդամենը 100 մարդ աշխատել: Մենեջմենթի տարբերություններ կան աշխարհում, իսկ մենք խորհրդային մոդելով ենք աշխատում: Հիմա մասնավոր սեկտորում աշխատող մոտ 430 հազար մարդ կա, (չհաշված ֆերմերային տնտեսությունները), իսկ պետական ապարատում այժմ 200 հազար կամ մի քիչ ավելի մարդ է աշխատում: Սա կառավարման ճիշտ մոդել չէ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին