Կարևոր իրադարձություններ

Տիգրան Աբրահամյան. «Ադրբեջանի ակտիվությունը շարունակվում է, փորձում են լարել իրավիճակը». «Փաստ»

09 Հունիս, 2018 08:25
Տիգրան Աբրահամյան. «Ադրբեջանի ակտիվությունը շարունակվում է, փորձում են լարել իրավիճակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի   պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Սակայն Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն` ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Նշված հարցի, ինչպես նաև սահմանային իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստացանք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից: 

Անդրադառնալով նախ ադրբեջանական կողմի` ԵԱՀԿ առաքելությունը առաջապահ դիրքեր դուրս չբերելու փաստին, Տիգրան Աբրահամյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց. «Դա ուղիղ կապ ունի երեկ առաջնագծում տեղի ունեցած միջադեպի հետ, որը ՊԲ-ն երեկ ուշ երեկոյան հաղորդել է: Այն նույն ուղղությամբ, որտեղ պետք է տեղի ունենար այդ դիտարկումը, ադրբեջանական կողմի արձակված կրակից հայ զինծառայող էր վիրավորվել: Այս պահին նա գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Այսինքն` սրանք փոխկապակցված միջադեպեր են»: 

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանն է:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը հայտնեց, որ Ադրբեջանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է:

«Ակտիվացման այս վերջին փուլը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ և տարբեր դրսևորումներ է ունենում առաջնագծում: Այս պահին կարող եմ հստակ նշել, որ ադրբեջանական կողմի այդ ակտիվությունը վերջին օրերին դրսևորվում է հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժերով և դիպուկահարների ակտիվությամբ, որոնք փորձում են առաջնագծում լարել իրավիճակը»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե հատկապես ի՞նչ հանգամանքներով է պայմանավորվում նման ակտիվությունը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Ադրբեջանի այս վարքագիծը կարելի է պայմանավորել շատ դետալներով, բայց ամենաառաջինն այն է, որ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու օրակարգային դրույթը դեռևս դուրս չի եկել Ադրբեջանի իշխանությունների օրակարգից: Ադրբեջանը փորձում է տարբեր տեսակի ճնշումների միջոցով ու նաև առաջնագծի թեժացման միջոցով հասնել առաջնագծում իր ազդեցության մեծացմանը: Բայց կարող եմ ասել, որ առաջնագծում մեր դիրքապահ ստորաբաժանումները գործում են իրավիճակին համահունչ: Նրանք փորձում են հնարավոր լարվածության օջախները ժամանակին մարել, կանխել և ըստ անհրաժեշտության հարվածներ հասցնել Ադրբեջանին»:

Տիգրան Աբրահամյանը շեշտեց, որ առհասարակ հակառակորդի ակտիվություն ասվածի տակ չպետք է միայն կրակոցների ինտենսիվություն հասկանալ:

«Հակառակորդի ակտիվություն ասվածն իր մեջ ներառում է տեղաշարժերը, ինժեներական աշխատանքները, ակտիվացումը նաև քարոզչական դաշտում. Հայաստանում և Արցախում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործվում են հիմնականում ապատեղեկատվության միջոցով: Այդ պատճառով շեշտեցի, որ այն ակտիվությունը, որը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ, այդ ժամանակ դրսևորվում էր զինտեխնիկայի տեղաշարժերի միջոցով: Ակտիվությունն այսօր էլ է շարունակվում, ուղղակի դրսևորումները մի փոքր այլ ձևով են ներկայացվում: Քանի որ փոփոխություն է նկատվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվության մասով, ըստ էության, Ադրբեջանը սահմանների իր հատվածում թաքցնելու բան ունի և փորձում է ամեն գնով սահմանափակել այլ մարդկանց մուտքը դեպի առաջնագիծ»,հավելեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին