Կարևոր իրադարձություններ

«Տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք». Վաշինգտոնում քննարկվել են Հայաստանի բարեփոխումները

08 Հունիս, 2018 23:01
«Տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք». Վաշինգտոնում քննարկվել են Հայաստանի բարեփոխումները

Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել, Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներիկայացուցիչները:

«Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը մեզ հետ կիսում է ժողովրդավարական արժեքները, մեր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ»,- նշում է Դանիել Իոաննիսյանը:

Transparency International Հայաստան կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով էլ, Հայաստանի նոր կառավարությունը միակն է, որ անցած բոլոր տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ իրական պայքար է իրականացնում.

«Այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր շատ սահմանափակ ռեսուրսներով՝ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերով ամեն օր կոռուպցիայի դեպքեր է բացահայտում»:

Լինելով եզակի երեւույթ, Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» այնուամենայնիվ կարող է օրինակ ծառայել ավտորիտար իշխանություններ ունեցող նաեւ այլ երկրների համար, նշում են քննարկման մասնակիցները, առավել եւս որ Հայաստանում նույնպես նախկին տարիների բողոքներն ընդգծված ապաքաղաքականացված էին.

«Մենք տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք, սակայն, պատկերացում անգամ չունեինք, որ այն գոյություն ունի»:

Մեկ այլ կարեւոր հանգամանք, որն ապահովեց խաղաղ հեղափոխության հաղթանակը, առաջնորդի անձն էր, նշում է Լարիսա Մինասյանը. «Այդ առաջնորդն իր վրա ընդունեց հսկայական քաղաքական պատասխանատվություն»:

Սակայն, հայկական հեղափոխությունն արտերկրյա որեւէ ուժի հետ որեւէ կապ չուներ, կրկին հիշեցնում են քննարկման ընթացքում.

«Դա բացարձակապես ներքին մղում էր, որի արմատները Հայաստանում էին եւ դրանից հետո տրվող բոլոր աշխարհաքաղաքական ազդեցության հարցերը պարզապես զարմացնում են»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նոր կառավարությունն այս ոլորտում դեռեւս զգուշավոր է գործում, նշում են ՀԿ-ների ներկայացուցիչները: Ակնհայտ է սակայն, որ այդ քաղաքականությունը լինելու է ներքին փոփոխությունների արտացոլում՝ պատասխանատու, բանական եւ, ամենակարեւորը, հայամետ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Դանիել Իոաննիսյանը նշում է, որ Ռուսաստանը ստեղծել է մի մթնոլորտ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են զենք գնել Ռուսաստանից, սակայն, ինքնուրույն կողմերն այս շրջանակից չեն կարող դուրս գալ.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ժողովրդավարության հաստատում բոլոր կողմերում: Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճանապարհին է, սակայն դա բավարար չէ՝ ժողովրդավար պետք է լինի հակամարտության նաեւ մյուս կողմը»:

 

Լրահոս

Դիտել ավելին