Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն ապրիլից զորամիավորումներ է կուտակել շփման գծում, որոնք հետ չի քաշել. Դավիթ Բաբայան

08 Հունիս, 2018 18:31
Ադրբեջանն ապրիլից զորամիավորումներ է կուտակել շփման գծում, որոնք հետ չի քաշել. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը ապրիլից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում զորամիավորումներ է կուտակել, որոնք մինչ այս պահը հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը կուտակումներ է կատարել շփման գծի տարբեր հատվածներում: Այսինքն, այնտեղ տեղափոխել է զորամիավորումներ, որոնք երբեք այդտեղ չեն եղել և հետ չի քաշել այդ զորամիավորումները»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ կան մարդիկ, ովքեր փորձում են այդ ամենը ներկայացնել որպես ներքաղաքական խնդիրներից շեղելու համար արվող հայտարարություններ: «Մենք սա չենք ասում քաղաքական ենթատեքստում շահարկումներ անելու համար: Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որ այս հարցերը փորձում են ներկայացնել որպես ներքաղաքական խնդիրներից շեղելու համար արվող հայտարարություն, բայց դա այդպես չէ: Անկախ ամեն ինչից` մենք պետք է ասենք, որ այդպիսին է իրավիճակը»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հարցին` Ադրբեջանն այդ քայլով ի՞նչ նպատակ է հետապնդում, Դավիթ Բաբայանն ընդգծեց,որ նպատակները կարող են տարբեր լինել, սակայն խնդիրը նրա մեջ է, որ հակառակորդը փորձում է ինչ-որ լարվածություն պահպանել սահմանների երկայնքով: «Եվ որքան մենք պատրաստ լինենք, որքան համախմբված լինենք, այնքան ավելի քիչ է լինելու պատերազմական կամ ահաբեկչական այլ գործողությունների հավանականությունը: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք»,- նշեց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ պաշտպանության բանակը պատասխան գործողություններ իրականացնում է:

 

Լրահոս

Դիտել ավելին