Կարևոր իրադարձություններ

5 բուհեր դիմել են վերահավատարմագրման

08 Հունիս, 2018 15:33
5 բուհեր դիմել են վերահավատարմագրման

Մեկնարկել  է  բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլը: 5 բուհեր  միաժամանակ դիմել են վերահավատարմագրման:

Երեւանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանները, ՀՀ պետական կառավարման ակադեմիան եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան վերահավատարմագրման դիմում են ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ):

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը այս բուհերին 2015 թվականին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրում ստանալուց հետո բուհերը քայլեր են ձեռնարկել փորձագետների մատնանշած խնդիրների վերացման եւ բարելավման ծրագրի իրագործման ուղղությամբ: Հավատարմագրում ստանալուց երկու տարի անց բուհերը  հաշվետվություն են ներկայացրել ՈԱԱԿ իրենց բարելավման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Իսկ այժմ՝ հավատարմագրման ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, դիմել են վերահավատարմագրման. հավատարմագրման գործընթացը տեւում է շուրջ 1 տարի:

Բուհերի վերահավատարմագրման ժամանակ փորձագիտական խումբը նաեւ  ուսումնասիրելու է, թե բուհը որքանով է իրագործել բարելավման ծրագիրը եւ ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները:

Նշենք, որ մինչ այս վերահավատարմագրման համար  դիմել էին 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած երկու բուհեր՝ Հյուսիսային եւ Եվրասիա համալսարանները: Հյուսիսային համալսարանն այս անգամ  ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման գործընթացն ընթացքում է:

 

Լրահոս

Դիտել ավելին