Կարևոր իրադարձություններ

«Անփորձությունն ավելի գերադասելի է, քան կոռումպացված ու քրեաօլիգարխիկ դեմքերը». «Փաստ»

08 Հունիս, 2018 09:34
«Անփորձությունն ավելի գերադասելի է, քան կոռումպացված ու քրեաօլիգարխիկ դեմքերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկար տարիների քաղաքական կենսագրություն ունեցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը տարբեր առիթներով և մեկ անգամ չէ, որ հիշեցրել է, թե քաղաքական ուժը եթե իր թիկունքին չի զգում հանրության աջակցությունը, ապա դադարում է քաղաքական ուժ լինել: Եվ բարեբախտաբար, քանի որ ներկայում ժողովուրդն է իշխանության բերել, ուստի նրանք հաշվետու են միայն այդ նույն ժողովրդի առջև: Անդրադառնալով երիտասարդ կադրերի կողմից ցուցաբերվող մեծամտությանն ու երբեմն նաև եսամոլական դրսևորումներին, նշեց, որ ինքը նման պահվածք չի նկատել, իսկ անփորձության մասով ասաց, որ կա նման խնդիր:

«Բայց դա ավելի գերադասելի, է, քան այն կոռումպացված ու քրեաօլիգարխիկ դեմքերը, որոնք երկար տարիներ տեսել ենք ու «սովորել» ենք: Ինձ ապշեցնում է հանրապետականների ցինիկ և ամբարտավան կեցվածքը, որ այսքանից հետո դեռ իրենց բարոյական իրավունք են վերապահում դասախոսություններ «կարդալ»: Մոռանո՞ւմ են, որ իրենք են երկիրն այս իրավիճակի հասցրել և մի ամբողջ ժողովուրդ ստիպված եղավ ոտքի կանգնել, որ նրանց իրենց տեղը հիշեցնի: Թող շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանից, որ հեղափոխության ալիքը դարձրեց թավշյա: Հակառակ դեպքում, կարող էր այնպիսի ալիք բարձրանալ, որ շատերը գուցե անգամ չիմանային, թե որտեղ են հայտնվել»,– ասաց Պ. Մակեյանը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի դիտարկմանը, թե իշխանությունները հանրապետականներին քաղաքական ռեպրեսիաների են ենթարկում, ԺՀԿ առաջնորդն ասաց, որ եթե մարդկանց լկտիության համար ձերբակալում են, ապա դա դեռ չի նշանակում, որ հանրապետականների հանդեպ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:

«Խոսքը Մ. Պողոսյանի օգնականին, Մասիսի սանձարձակ, ամբարտավան քաղաքապետին, նրա տեղակալին և մյուսներին ձերբակալելու մասին է: Ուրիշներն էլ միլիարդներ են գողացել պետությունից, իրավապահները ընդամենը չորս օր հետո նրանց դուրս են թողել ու ընդամենն ասել են՝ գումարները բերեք, վերադարձրեք: Բայց երբ մենք էինք ընդդիմություն, աչք չէինք բացում բերդերից, հետապնդումներից, ապօրինություններից: Եվ հիմա ո՞վ է խոսում քաղաքական ռեպրեսիաների մասին: Ի պատիվ Փաշինյանի, նա վենդետայի գաղափարը մերժել է, բայց ո՞վ է ասել, որ իրավական պատասխանատվության հարցը նույնպես փակված է: Նրանք պետք է իրենց կատարածների համար օրենքի առջև պատասխան տան: Եվ եթե իրենք խոսում են ռեպրեսիայի կամ վենդետայի մասին, ապա եթե իրականում ռեպրեսիաներ եղած լինեին, ապա նրանց վաղուց այնպիսի սելավ տարած կլիներ, որ շատերն իրենց տեղն անգամ չէին կարողանա իմանալ»,– ասաց Պ. Մակեյանը:

Մի քանի անգամ դատապարտման են­ թարկված և ունեցվածքից զրկված, ընտանիքով տարբեր բռնաճնշումների ենթարկված քաղաքական գործիչը պարզապես ծիծաղելի է համարում, երբ հանրապետականները խոսում են իրենց հանդեպ ճնշումներ գործադրելու մասին: 

«Իմ հարազատները, շրջապատը, ընկերները, բոլորը գործազուրկ են դարձել և հալածյալի կարգավիճակում են եղել: Նույնիսկ պաշտոնատար անձը խուսափում էր ինձ հետ շփվել, քանի որ գիտեր, որ պրոբլեմ է ունենալու: Հիմա պետք է սկսի անցումային արդարադատությունը գործել: Պետք է հանձնաժողով ձևավորել և անցած 20 տարիների ընթացքում ապօրինություններին մասնակցած քննիչներին, դատավորներին, դատախազներին, քաղաքական դեմքերին, բոլորին էլ պետք է արդարադատության առջև կանգնեցնել, քանի որ զոհը և դահիճը չեն կարող նույն հարթությունում գտնվել: Հակառակ դեպքում այս հանրության մեջ համերաշխություն չի լինի»,– համոզված է Պ. Մակեյանը:

Քաղաքական գործիչը չբացառեց նաև, որ նախորդ տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատած անձինք այս թոհ ու բոհի մեջ կարող են իշխանական տարբեր օղակներում բավականին հաջող տեղավորվել: Ավելին, իր վրա գործ սարքող քննիչներն այսօր իշխանությունում են: Եվ նա այդ ամենը հանդուրժում է, քանի որ այս փուլում կառավարությունն անցումային է:

«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վրա գործ սարքող քննիչներն այսօր իշխանությունում են: Եվ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, նման կադրային խնդիրներ կլինեն»,– ասաց Պ. Մակեյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին