Կարևոր իրադարձություններ

Բարի կամքի դրսևորման չընդունվելու դեպքում «կոտրած տաշտակի» առաջ կկանգնեն. «Փաստ»

08 Հունիս, 2018 09:15
Բարի կամքի դրսևորման չընդունվելու դեպքում «կոտրած տաշտակի» առաջ կկանգնեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՃՈ ոլորտում իրականացված բարեփոխումներին, թվում է, պետք է հետևեր նկատելի դրական արդյունք: Դրանք արվում էին այն նպատակով, որ վարորդներն ավելի զգոն դառնան, ավելի ուշադիր երթևեկեն, ավելի քիչ անհիմն խախտումներ անեն ու տուգանվեն: Բայց անցած 1–2 շաբաթների ընթացքում հակառակ պատկերն է դիտվում: Թե՛ բարեփոխումներից առաջ և թե՛ դրանցից հետո կարգուկանոնը պահպանող վարորդներն ահազանգում են, որ փողոցներում ավելացել են կարգազանց վարորդները:

«Փաստ»–ը թեմայի շուրջ զրուցել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

–Ձեր կազմակերպության կողմից մոնիթորինգ արվե՞լ է հասկանալու համար, թե բարեփոխումներն ինչպիսի արդյունքներ ու հետևանքներ են ունեցել: Շատ վարորդներ շարունակում են խախտումներ անել, փողոցներում այսօր բավական վտանգավոր երթևեկություն ենք տեսնում:

–Որպես այդպիսին, մոնիթորինգ չի արվել: Բայց բոլորս էլ նկատում ենք, որ սկսել են շատ կոպիտ խախտումներ անել, չնայած՝ գնալով, կարծես թե, այդ խախտումների թիվը պակասում է: Բայց ՃՈ–ն էլ զուգահեռ բավական շատ գործողություններ է իրականացնում: Մի քանի օր առաջ շուրջ 102 մեքե­նա է տարվել հատուկ նշանակության տարածք: Հիմնականում մեքենաները տարվել են վարորդների՝ ոչ սթափ կամ կոպիտ խախտումներով վարելու պատճառներով:

–Դա մե՞ծ թիվ է:

– Այս պահի դրությամբ մեծ թիվ է: Բայց պետք է հասնել նրան, որ ավելի շատ լինեն: Խնդիրներ շատ կան: Քանի որ այս պահին ՃՈ–ն որոշակի խախտումներ չի արձանագրելու, մենք ևս մտավախություն ունենք, որ վարորդները կարող են դա սխալ հասկանալ և անել այն, ինչ ցանկանում են: ՃՈ վերջին գործողությունները փաստում են, որ իրենք, ճիշտ է, ներողամիտ են նախազգուշացման քաղաքականություն ցուցաբերելով, բայց նաև աչք չեն փակում վտանգավոր կերպով երթևեկող վարորդների նկատմամբ:

–ՃՈ–«Վարորդի ընկեր» հետագա քննարկումներ լինելո՞ւ են:

– Նախորդ շաբաթ նույնպես հանդիպում ունեցել ենք: Քննարկել ենք նշանների, լուսացույցերի, գրպանիկների հետ կապված հարցերը: Պայմանավորվել ենք, որ եթե կան թերություններ, անմիջապես իրենց տեղեկացնենք: Իրենք հանձն են առել, որ թերությունները կվերացվեն կամ կլուծվեն հօգուտ քաղաքացու: 

– Այս բարեփոխումների ֆոնին արձանագրված խախտումները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ որոշ ժամանակ անց ոլորտում վերադարձ կատարվի հին մոդելին:

Եթե փորձը ցույց տա, որ բարի կամքի դրսևորումը չի ընդունվում, բնականաբար կանցնեն հին մեթոդին: Բայց իրենք շատ են ցանկանում, որ ՃՈ մի շարք փոփոխությունները ճիշտ ընկալվեն, և վարորդական հանրությունը իր պատասխան քայլն անի, ցույց տա, որ խախտումներ չեն անում ոչ թե նրա համար, որ տեսախցիկներ չկան, այլ՝ որ դա վտանգավոր է երթևեկության համար:

– Որքա՞ն ժամանակ կպահանջվի հասկանալու համար՝ բարեփոխումները մնո՞ւմ են, թե՞ չեղարկվում: 

– Կարծում եմ՝ մի քանի ամիսը բավարար կլինի: Դա ուղիղ կերպով կապված կլինի ավտովթարների և մահացությունների թվի հետ: Եթե վթարները շատանան, դա պատճառ կլինի, որ նորից խստացվեն որոշակի խախտումների արձանագրման դեպքերը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին