Կարևոր իրադարձություններ

Գործարարներն այսուհետ ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու պարտականությունից. Փաշինյան

07 Հունիս, 2018 22:00
Գործարարներն այսուհետ ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու պարտականությունից. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոսակցություններին, թե այն գործարարները, որոնց նկատմամբ հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների և ռեպրեսիաների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ոչ ոք չի խոսում այդ նույն գործարարների հետ իր հանդիպման մասին: «Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից: Ես հարցրել  եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,-  նշեց նա:

Հարցին, թե դրանք չմուծված հարկերի ճամպրուկներն ե՞ն, որոնք բյուջե են գնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, ճամպրուկների այն մասը, որ պետք է գա բյուջե, գալու է բյուջե, իսկ մյուս մասը ես հույս ունեմ, որ իրենք ոչ թե շվեյցարական բանկեր կտանեն, այլ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26 ճամպրուկներ տանելու մասին հայտարարությամբ հանցագործության մասին հաղորդում է տալիս և հարցրեց՝ ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է դրանով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ն ամեն ինչով էլ զբաղվելու է, սակայն ընդգծեց, որ մի բան է քաղաքական հայտարարություն անելը, ուրիշ բան քրեական դատավարությունը: «Մենք կարող ենք քաղաքական համոզմունք ունենալ և նույնիսկ արձանագրել ճշմարտություններ, բայց մենք չենք կարող արձակել դատավճիռներ: Դատավճիռներ արձակում է դատարանը, որն այլևս Բաղրամյան 26-ից հրահանգներ չի ստանում և որը կարող է վճիռներ կայացնել միայն որևէ գործում ապացույցների առկայության հիման վրա»:

Դիտարկմանը, թե այդ հայտարարության հիման վրա ԱԱԾ-ն կարող է գործ հարուցել, վարչապետը պատասխանեց. «Դե թող հարուցի»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն լքած գործարարներն արտահերթ ընտրություններին մասնակցեն «Ելք» դաշինքի ցուցակով, եթե որոշում կայացվի, որ ընտրությունների են գնում «Ելք» դաշինքով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ գործարարներին հարցրել եմ՝ բացատրեք, թե ձեր ինչի՞ն է պետք պատգամավոր լինելը: Եվ շատ հաճախ ինձ տրվում է բացատրություն, որ մենք բացարձակապես չենք ուզում լինել պատգամավոր, մեզ ասում են գնա դարձիր պատգամավորի թեկնածու և ձայներ հավաքիր մեզ համար: Ես արդեն իմ ելույթում արդեն ասել եմ, որ գործարարի կարգավիճակը պետք է լինի պատվաբեր: Մարդիկ պետք է զգան, որ պետությունը և ժողովուրդը շնորհակալ են օրինապահ գործարարներից, որոնք շահույթ են ստանում, բայց միևնույն ժամանակ ուրիշների համար աշխատատեղեր են ստեղծում և պետության համար եկամուտներ են ապահովում: Եվ գործարարները չպետք է ձգտեն լինել պատգամավոր, որովհետև պետությունը պետք է երաշխավորի գործարարների բիզնեսի անվտանգությունը: Մենք չենք պատրաստվում գործարարների հետ ոչ մի տոկոս փայ մտնել»:

Փաշինյանը վստահեցրեց, որ գործարարների հետ որևէ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չի բերել: Նա ընդգծեց, որ կամ գործարարները պետք է աշխատեն օրենքով, կամ չաշխատեն, իսկ պայմանավորվածություն չի կարող լինել:

 

Լրահոս

Դիտել ավելին