Կարևոր իրադարձություններ

Սա ծրագի՞ր է, թե զրույց սուրճի սեղանի շուրջ. Շարմազանովը՝ Փաշինյանին

07 Հունիս, 2018 15:08
Սա ծրագի՞ր է, թե զրույց սուրճի սեղանի շուրջ. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը ելույթ ունեցավ՝ հայտնելով իր դիրքորոշումը գործադիրի ներկայացրած փաստաթղթի մասին:

ԱԺ փոխնախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ խորհրդարան, հարգելի՛ կառավարություն, սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, կրկնում եմ` քննարկման առարկան կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը:


Հարգելի՛ կառավարություն, իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական և խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որևէ վերաբերմունք: Իսկ այժմ խոսեմ ըստ էության ներկայացված փաստաթղթի շուրջ:

Հարգելի գործընկերնե՛ր, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:

Պարո՛ն վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում : Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5  տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումն  առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որևէ ժամկետ և տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ  չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որևէ թիվ չեք նշել:  Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15, լավ, մեկ  տոկոս, չկա գրված, հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից, ինչու՞:

Հարգելի՛ գործընկերներ, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ՝ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում:

Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացման ինչպե՞ս եք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաև նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որևէ քայլ նշված չէ:

Փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց.  ի՞նչ է սա նշանակում, արդյոք կարելի՞ է համարել, որ այլևս քաղաքական իրավիճակի փոփոխության  արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական  կաթնատվություն են ապահովելու : 

Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը և նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը՝   թե´ Եվրասիական միության և թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլևս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է:

Սակայն ծրագրում չկա որևէ հիշատակում ԵՄ անդամ երկրների, հատկապես` Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչո՞ւ չէ, նաև Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների մասին:  

Ոչինչ որ, Իրանի և Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասե՞ք, խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին»: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ:

Հատուկ գլուխ կա՝ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»:

Բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքացիները լինեն և՛ ազատ, և՛ արժանապատիվ, և՛ երջանիկ: Բայց խնդրում եմ ասեք` երջանիկ քաղաքացին ի՞նչ արժեքային համակարգ պետք է դավանի, որևէ խոսք չկա ազգային, համամարդկային և քրիստոնեական արժեքների մասին, ինչու՞:

Ուշադիր ընթերցել եմ փաստաթղթի «Կրթություն և գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չգտա որևէ  միտք հայագիտության զարգացման մասին: Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյոք  մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պե՞տք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե՞ ոչ:

Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք, թե՞ դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է և՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը, և՛ ռազմահայրենասիրական  դաստիարակության  հայեցակարգի իրագործումը:

Անդրադառնալով այս փաստաթղթին՝ հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին և չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին:

Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի  խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետևողական ջանքերով հայրենադարձվեցին և արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Փոխարենը` կա շատ մի հավակնոտ ձևակերպում, ըստ որի` «Կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ հարուցում, ո՞րն է մեծ հայրենադարձության չափանիշը: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցե՞լ եք, հայրենադարձություն եք հարուցում,  որպեսզի ճշտեք Ձեր դերակատարու՞մը, սա զավեշտալի է պարզապես:

Հարգելի՛ խորհրդարան, ես ներկայացրի այս փաստաթղթում առկա անհասկանալի և տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ երազանքների և ցանկությունների, իսկ միգուցե նաև բաժակաճառերի ժողովածուի»:

 

Լրահոս

Դիտել ավելին