Կարևոր իրադարձություններ

Արձանագրված հետցնցումները նշանակում են, որ կուտակված էներգիան դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է. ԱԻ նախարարը՝ երկրաշարժերի մասին

07 Հունիս, 2018 10:09
Արձանագրված հետցնցումները նշանակում են, որ կուտակված էներգիան դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է. ԱԻ նախարարը՝ երկրաշարժերի մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Հայաստանում և տարածաշրջանում վերջին օրերին գրանցված երկրաշարժներին։

«Սիրելի հայրենակիցներ, թեև այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24 ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։ Իմ հանձնարարությամբ՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։ ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։ 

Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։ ՀՀ ԱԻ նախարարությունը հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր շուրջօրյա աշխատանքի նպատակն է։ Վաղն առավոտյան ես վերադառնում եմ Հայաստան և ժամը 14։30–ին Լոռու մարզպետարանում մասնակցելու եմ խորհրդակցության վերոնշյալ խնդրի վերաբերյալ»,– գրել է նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին