Կարևոր իրադարձություններ

Զեմանը վերստին Չեխիայի վարչապետ նշանակեց միլիարդատեր Անդրեյ Բաբիշին

06 Հունիս, 2018 18:52
Զեմանը վերստին Չեխիայի վարչապետ նշանակեց միլիարդատեր Անդրեյ Բաբիշին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 6-ին վերստին վարչապետ Է նշանակել ANO շարժման առաջնորդ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշին եւ հանձնարարել Է նրան՝ կազմել կառավարություն:  «Ձեզ նշանակում եմ կառավարության նախագահ եւ հուսով եմ, որ ձեզ կհաջողվի արագորեն ու որակյալ ձեւով կազմել նոր կաբինետ»,-հայտարարել Է նախագահը՝ դիմելով Բաբիշին: Արարողությունը ցուցադրվել Է հանրապետական հեռուստատեսությամբ:  Բաբիշի գլխավորած ANO կենտրոնամետ շարժումը համոզիչ հաղթանակ Է տարել 2017 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո նախագահը նրան նշանակել Է վարչապետ: Սակայն Բաբիշի կազմած փոքրամասնության կառավարությունը այս տարվա հունվարին վստահության քվե չստացավ խորհրդարանում, ինչից հետո Բաբիշը շարունակեց գործընկերների որոնումն իր շարժման համար:  Արդյունքում՝ ANO-ի հետ կոալիցիայի մեջ մտնելուն համաձայնեցին սոցիալ-դեմոկրատները, որոնք ակնկալում են նոր կաբինետում ստանալ 15 նախարարական պաշտոններից հինգը, այդ թվում՝ ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնություն ունենալու համար կառավարությունը մտադիր Է խորհրդարանում հենվել կոմունիստների ձայների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին