Կարևոր իրադարձություններ

ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր բարձունքում. Եվրոպական միության զեկույցը

06 Հունիս, 2018 17:57
ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր բարձունքում. Եվրոպական միության զեկույցը

ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին նպաստել են այդ հաջողությանը: Այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում:

Զեկույցը թողարկվել է հունիսի 6-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի 2018 թվականի հունիսի 21-ին կայանալիք անդրանիկ նիստին ընդառաջ և ներկայացնում է վերլուծություն Հայաստանում, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերջին երկու եւ կես տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք վկա եղանք ԵՄ-Հայաստան հարաբերությունների և հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի: Մեծ ջանք և վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ընդլայնելով առեւտրիև ներդրումների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները: Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք Համաձայնագիրը և մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների», – նշեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Նոր Համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից եւ ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաև հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու Տրանս Եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դարձնելու առնչությամբ: Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում առաջնորդները հավանություն տվեցին «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթին, որը համալրում է մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունները», – նշեց Եվրոպական հարևանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերին, այնուհետև՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Համաձայնագիրը այս տարվա ապրիլի 11-ին, և 2018 թվականի հունիսի 1-ից Համաձայնագիրը մտավ պայմանական կիրարկման փուլ: Բացի այդ, «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները», որը ստորագրվել է 2018 թ. փետրվարին, սահմանում է առանցքային ոլորտներում ապագա երկկողմ և ֆինանսական համագործակցության ուղենիշը՝ ձևավորված 2018թ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացում հաստատված գերակայություններին համահունչ:

 2018 թ. ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը, ինչպես նաեւ նպաստում են դիմակայուն եւ բարեկեցիկ սոցիալ-տնտեսական համակարգին:

Զեկույցում առանձնացվում են նշանակալի զարգացումներ, որոնց շարքում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որն ընդունվել է 2017 թ.-ի դեկտեմբերին Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից: Եվրոպական միությունը կարծում է, որ նոր օրենքը կարեւոր քայլ է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Միակցվածության ոլորտում, 2017 թ. նոյեմբերին նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջեւ միասնական ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այն նախատեսում դեպի Հայաստան ուղևորափոխադրումների ծավալի զգալի աճ, միաժամանակ ապահովելով անվտանգության, բնապահպանական եւ սոցիալական չափանիշների կատարելագործում: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է բարձր մակարդակի փոխըմբռնման փաստաթուղթ, որը սահմանում է Տրանս-եվրոպական տրանսպորտային հիմնական ցանցերի ինդիկատիվ քարտեզը:

Կրթության ոլորտում՝ Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ, որոնք համապատասխանում են Բոլոնիայի գործընթացին: Հայկական բուհերի ուսումնական ծրագրերն արդիականացվել են` շարժ կատարելով դեպի էլ ավելի համապատասխանեցում աշխատաշուկայի կարիքներին: Մինչեւ 2017 թ. ավարտը ԵՄ-Հայաստան կրթական փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկվել է 1800 ուսանող եւ համալսարանների դասախոս:

2016թ. Հայաստանը դարձել է Եվրամիության հետազոտությունների եւ նորարարության Հորիզոն 2020 ծրագրի ասոցացված երկիր, որը երկրի գիտահետազոտական ինստիտուտների եւ ձեռնարկությունների առջև բացում է նոր հեռանկարներ՝ ընդլայնելու գիտական գիտելիքների փոխակերպումը առեւտրային հնարավորություններով: 2016 թվականի նոյեմբերին մեկնարկած EU4 Innovation նախաձեռնությունը նպատակ ունի խթանել նորարարությունը Արեւելյան գործընկերության ողջ երկայնքով: Երեւանում կստեղծվի EU4Innovation նորարարական կենտրոն, որի նպատակն է խթանել գիտական կրթությունը եւ բուհերի եւ բիզնեսների միջեւ առկա կապերի սերտացումը:

2014 թվականից ի վեր Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվել է 120 մլն եվրո ֆինանսական աջակցություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, պետական կառավարման և կրթության ոլորտներին: Բացի այդ Հայաստանը օգտվել է մեկից ավելի երկրների ֆինանսավորման ծրագրերից: Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի ներքո ԵՄ աջակցություն է տրամադրվել տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ու էներգախնայողության ուղղությամբ, իսկ հետագայում, ԵՄ աջակցությունը նպատակաուղղվելու է դատաիրավական բարեփոխումների, ֆինանսների մատչելիության և տնտեսական զարգացման, միակցվածության, կրթության եւ շարժունակության ոլորտներում քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ապահովմանը: Կիզակետում կշարունակի պահպանվել աջակցությունը քաղհասարակությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարության խորացմանը եւ քաղաքացիական մասնակցության հզորացմանը, ինչպես նաև տնտեսական զարգացման ուղղությամբ:

Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում. 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված Հռչակագիրը վերահաստատում է Եվրոպական միության և վեց գործընկեր երկրների հանձնառության հստակ շարունակական բնույթը: Գագաթնաժողովը հավանություն տվեց 2020 թվականի 20 արդյունքներին, որոնք օգնեցին համագործակցությունն ուղղել շոշափելի, ինչպես նաև ժողովրդի համար օգուտներ ապահովող արդյունքների ձեռքբերմանը` Արեւելյան գործընկերության վերանայված բազմակողմ կառուցվածքին համահունչ:

ԵՄ-ն շարունակել է լիարժեք աջակցությունը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վստահության և խաղաղության հաստատմանն ու հակամարտության կանխարգելմանն ուղղված գործողություններին: Եվրամիությունը հավատում է, որ հակամարտությունը պետք է ստանա արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին