Կարևոր իրադարձություններ

Արցախի Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

06 Հունիս, 2018 12:37
Արցախի Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս առնչությամբ նրա հայտարարությունում ասվում է.

«Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլեւ  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու եւ ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։

1991թ.-ից ես հող հայրենիի կանչով եւ ձեզանից շատ շատերի օրինակով  կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի Ուխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին¸ ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսեւորումը։

2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս¸ ստեղծել  ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության եւ հասարակության միջեւ։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։

Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության համար բոլոր պայմանների ապահովումը¸ որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։

Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ  հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ եւս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին եւ  հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն»:

 

Լրահոս

Դիտել ավելին